Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մահ՝ գողության պահին․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Մարտի 27-ի գիշերը, ժամը 2-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Բժիշկները հայտնեցին, որ երկու հոգի, «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով, երիտասարդին հասցրել են հիվանդանոց, սակայն առանց ներկայանալու, առանց պարզաբանում տալու արագ հեռացել են, այնքան արագ ու հանկարծակի, որ հիվանդանոցի աշխատակիցները չէին ֆիքսել մեքենայի համարանիշը:

Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նախ ճշտվեց մեքենայի մակնիշը. ոչ թե «ԳԱԶ-24» էր, այլ «ԳԱԶ-31»: Համարանիշն ու տիրոջ հասցեն էլ արագ պարզելուց հետո Արմավիրի քրեական հետախույզները մեկնեցին Արմավիր քաղաքի Հերացու փողոց: Մեքենայի տերը տանն էր: Մնացածը, այսպես ասած՝ տեխնիկայի հարց էր, և շուտով պարզվեց, թե ինչ է տեղի ունեցել: Նույն թաղամասում բնակվող երեք հոգի, 37, 29 և 35 տարեկան, առաջինի մեքենայով, մեկնել են Ջիվանու փողոց` նախկին «Ռելեի» գործարանի տարածքից գողություն անելու:

Նպատակ ունեին տանել էլեկտրական շարժիչներ, գունավոր մետաղ ու մալուխ, սակայն գործն ավարտին չէին հասցրել. 35-ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել էր: Ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, բայց արդեն ուշ էր: Բժիշկներին մնում էր միայն արձանագրել մահը: Ահազանգից երկու ժամ անց 37 և 29 տարեկան հարևանները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: