Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոնուզը հրապարակել է ընդլայնված կազմը

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից մեկի` Մակեդոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզը, արդեն հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի օգոստոսի 11-ին Մալթայի հետ ընկերական խաղին: Այդ մասին տեղեկացնում է մակեդոնական «Դենիկ» օրաթերթը:

Հարկ է նշել, որ հրավիրվածների մեջ չեն ընդգրկվել հիմնական կազմի երկու ֆուտբոլիստներ`Վելիչե Շումուլիկովսկին եւ Ֆիլիպ Դեսպոտովսկին: Պատճառն այն է, որ սույն երկու խաղացողները ներկայումս թիմ չունեն եւ երկար ժամանակ չեն մարզվում:

Շումուլիկովսկին, որը հավաքականում անցկացրած հանդիպումներով (64) զիջում է միայն թիմի ավագ Գոցե Սեդլոսկուն, վերջին երկու մրցաշրջաններում ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել իր թիմի` անգլիական «Իպսվիչի» կազմում: Այժմ նա զբաղված է նոր թիմի որոնման աշխատանքներով:

Դեսպոտովսկին, որն ուկրաինական «Վորսկլա» ակումբի պահանջով որակազրկվել էր մեկ տարով` ակումբի հետ կնքած պայմանագիրը չեղյալ համարելու համար, նույնպես մնացել էր առանց թիմի եւ խաղային պրակտիկայի: Այժմ նա փորձում է տեղավորվել Ռումինիայի, Գերմանիայի կամ Շոտլանդիայի ակումբներից մեկում:

Միրսադ Յոնուզին մտահոգում է նաեւ այն փաստը, որ հավաքականի թեկնածուներից մի քանիսը հանդես են գալիս իրենց համար բավական հեռու երկրների առաջնություններում (Ղազախստան, Ադրբեջան), ինչը թույլ չի տալիս անմիջականորեն հետեւել նրանց ելույթներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականների առաջին հանդիպումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 7-ին, մրցակցի հարկի տակ: