«Պարտիզանն» արդեն Հայաստանում է
Աջակցիր «Ա1+»-ին
ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Երեւանի «Փյունիկի» մրցակից Բելգրադի «Պարտիզանն» արդեն Հայաստանում է գտնվում:
Սերբիայի չեմպիոնը Երեւան է ժամանել հանդիպումից երկու օր առաջ, որպեսզի ֆուտբոլիստներն ավելի լավ հարմարվեն տեղի եղանակային պայմաններին:
Ինչպես տեղեկացնում են սերբական լրատվամիջոցները, բոլոր «պարտիզանները» լավատեսորեն են տրամադրված եւ հավատացած են, որ կհաղթահարեն «Փյունիկի» արգելքը:
Ճիշտ է, թիմի փորձառու դարպասապահ Ռադիշա Իլիչը խաղընկերներին կոչ է արել ավելի սթափ վերաբերվել մրցակցին. «Փյունիկն» իր դաշտում հարձակողական ոճով է խաղում, ուստի պետք է շատ զգույշ գործենք պաշտպանությունում եւ սխալներ թույլ չտանք: Մենք հասկանում ենք, որ առաջին խաղից հետո երկու գոլի առավելություն ունենք մրցակցի հանդեպ, սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգստանանք ձեռք բերածով եւ ուժեր խնայենք խաղի ժամանակ»:
«Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ստանոյեւիչը Հայաստան ժամանելուց հետո լրագրողներին հայտարարել է, որ բոլոր ֆուտբոլիստները թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն պատրաստ են առաջիկա հանդիպմանը, եւ որ իրեն մտահոգում է միայն մեկ խնդիր` Երեւանում հաստատված շոգ եղանակը:
Ի դեպ, սերբերը հույս ունեն, որ երեւանյան խաղում մարզադաշտը լեփ-լեցուն չի լինի եւ իրենց ֆուտբոլիստները ճնշման չեն ենթարկվի հանդիսականների կողմից: