Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվել է դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրություն: ՄԿՈՒ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթն այսօր քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել GIZ ընկերությանը՝ շարունակական համագործակցության համար։ Ըստ փոխնախարարի՝ ՄԿՈՒ ոլորտը ներկա մարտահրավերներում առանցքային դեր ունի՝ մարդկային կապիտալի և տնտեսության զարգացմանը նպաստելու, համայնքային համաչափ զարգացումը խրախուսելու և փոփոխվող պահանջներին արագ արձագանքելու տեսանկյունից։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ուսհաստատությունների աշխարհագրական սփռվածությունը, որը հնարավորություն է տալիս մասնագիտական կրթության կենտրոններ ձևավորել և դրանց ներուժն օգտագործել բոլոր մարզերում։ 

«ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության անսպառ ներուժը հնարավորություն է տալիս գործատուներին անմիջապես ներգրավել կրթական գործընթացի բոլոր բաղադրիչներում: Մասնագիտությունների բազմազանությունը և կրթական ծրագրերի տևողության ճկունության հնարավորություններն այս ոլորտը դարձնում են առավել գրավիչ և արձագանքող տնտեսության կարիքներին»,- նշել է փոխնախարարը և ընդգծել, որ նախորդ տարիներին համակարգի զարգացումը հիմնականում ընթացել է փորձնական ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես՝ դուալ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրերի, ինչպես նաև նոր մասնագիտությունների մշակման ու ներդրման ճանապարհով։ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ քննարկումը կդառնա կարևոր քայլ՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հստակեցման և ճշգրտման համար։

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ նմանատիպ հետազոտությունների հիման վրա ՄԿՈՒ ոլորտում եկել է կոնկրետ քայլեր և օրենսդրական փոփոխություններ անելու ժամանակը: Նրա խոսքով՝ ոլորտի կարևոր բաղադրիչներից մեկը կրթություն-աշխատաշուկա կապի ապահովումն է: 

«Քոլեջներն ու ուսումնարաններն այսօր ունեն հսկայական ներուժ, որը չեն օգտագործում օրենսդրական բացերի պատճառով: Այս հաստատությունները պետք է հնարավորություն ունենան ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, դուալ կրթության շրջանակում ուսանողների աշխատանքը պետք է փոխհատուցվի գումարային տեսքով, և սոցգործընկերները շահագրգիռ լինեն ներգրավվել ՄԿՈՒ ոլորտում, այդ թվում՝ օրենսդրական ճանապարհով»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ այս ամենի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ունենալ նախնական և միջին մասնագիտական կրթության մասին նոր օրենք՝ նոր շեշտադրումներով և հնարավորություններով:

ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանի խոսքով՝ հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել ՄԿՈՒ ոլորտում դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման առկա վիճակը և վեր հանված արդյունքների հիման վրա հանդես գալ օրենսդրական, կառավարչական ու մեթոդական խոչընդոտների վերացմանն ուղղված համալիր բարեփոխումների առաջարկների փաթեթով:

Ուսումնասիրության արդյունքները և բարեփոխումների առաջարկները ներկայացրել է կրթության փորձագետ Մարինե Հակոբյանը: Նշվել է, որ ուսումնասիրության  արդյունքները ներառվել են առաջարկների համալիր փաթեթում և ուղարկվել շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններին ու սոցիալական գործընկեր կազմակերպություններին՝ դիտողությունների և առաջարկությունների համար։


Զեկուցումից հետո ծավալվել է աշխատանքային քննարկում մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել սոցիալական գործընկերության, կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանության, ֆինանսական միջոցների ներգրավման, ՄԿՈՒ ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև ուսումնարանների և քոլեջների ռազմավարական զարգացման ու կառավարման խորհուրդների աշխատանքների բարելավման հարցերին: Քննարկման ընթացքում վեր հանված խնդիրները, ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները կօգնեն ՄԿՈՒ ոլորտի հետագա բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը։ 

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում 2017 թ.-ից ի վեր փորձարկվում է գերմանական դուալ համակարգը, որի առանցքն աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգն է: Ներկայում 11 հաստատություններում իրականացվում են դուալ կրթության 13 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ դասընթացներ։ Ընդհանուր առմամբ 700 ուսանող է ընդգրկված այդ ծրագրերում։ Փորձնական կարգով մշակվել և ներդրվել են կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման, արևային էներգիայի համակարգերի սպասարկման, ռոբոտաշինության, գյուղացիական տնտեսության կազմակերպման և այլ առաջնահերթ մասնագիտություններ։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ