Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մինչև 1մլն դրամ է անհրաժեշտ գարնանային աշխատանքների համար. Մայիսյանի բնակիչ (տեսանյութ)

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի այգիներում  գարնանային աշխատանքներն են սկսվել՝ ծառերի էտը, բուժումներն ու հողի վարը։ Գյուղի դպրոցի արդեն 25 տարվա ուսուցիչ Ամատունի Կիրակոսյանը ծիրանի մեծ այգի ունի, ասում է՝ էտը գարնան առաջին ու ամենակարևոր փուլն է ծառի համար․

«Էտը, այսպես ասած, ոնց որ ծառերին տանես վարսավիրանոց, սակայն միայն գեղեցկության համար չենք անում։ Ֆունկցիոնալ նշանակություն ունի՝ ծառը թարմացնում ենք, երկարացնում ենք ծառի կյանքը, կարգավորում ենք աճը», - ասում է նա։

Աշխատանքի հետ հաճախ չի հասցնում միայնակ անել այգու բոլոր գործերը։  Իրենց ուժերի սահմաններում անում են ընտանիքով․ մնացածի դեպքում գումարի դիմաց մարդկանց է վարձում։․

«Գարնանային աշխատանքները միջինում 800 հազարից 1 մլն դրամ է արժենում՝ հաշված եւ՛ էտը, եւ՛ փխրեցումները, եւ՛ բուժումները, ցախի հավաքել-տեղափոխելը։ Այդ ամենը մոտ երկու ամիս է տեւում։ Փոքր այգին մեկ մարդը կարողանում է անել, իսկ մեծ այգին անհնար է», - ասում է Ամատունի Կիրակոսյանը։

Էտելուց հետո էլ սկսում են ծառերի բուժումը, որի նյութերը բավականին թանկ են, նշում է Հովհաննեսը, երբեմն անգամ ավելի շատ ծախսում են այգու վրա, քան օգուտ ստանում, բայց չանելու տարբերակ էլ չունեն․

Ծիրանն այս տարի ուշ է ծաղկում, գյուղացիներն ուրախ են, ասում են՝ որքան ուշ ծաղկի, այնքան իրենց օգուտն է և ցրտահարության վտանգը փոքր կլինի․

«Այս տարի արդեն ցրտի պահը անցավ, մնաց կարկուտ չգա: Հավանականությունը մեծ ա, որ ցրտահարություն չլինի այս տարի»։

Եթե գյուղական գործերը չսիրես, ամեն ինչ ավելի ծանր կլինի, ասում է Հրաչը։ Որքան էլ դժվար է, արտագնա աշխատանքի մասին չի մտածում՝ ավելի լավ է մնա, երգելով իր այգին ու կենդանիներին խնամի։