Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք աշխատում ենք անկախ․ Օնիկ Գասպարյանի հայցը վերադարձրած դատավոր (տեսանյութ)

«ԳՇ պետին ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչելու ինձ ուղղված հայցադիմումը հետ է վերադարձվել, քանի որ կայացվել է հայցադիմումը վերադարձնելու որոշում այն հիմնավորմամբ, որ ընտրված հայցատեսակը ոչ  ճիշտ է, իսկ դատավորն ունի պարտականություն ոչ ճիշտ հայցատեսակի պարագայում մատնանշել ճիշտ հայցատեսակը և վերադարձնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց  դատավոր Լիանա Հակոբյանը՝ հավելելով՝ հայցվոր կողմի իրավունքն է՝ կարող են շտկած վերադարձնել հայցադիմումը, կարող են չհամաձայնել ու Վերաքննիչ բողոք տանել։

Դատավորը նշեց, որ  մինչ այս պահը իր գրասենյակը բողոք չի ստացել, և ըստ էության, հայցվոր կողմը ցանկանում է ճշտել պատշաճ հայցատեսակի առումով Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումը, ապա Վերաքննիչ բողոք ներկայացնել։

Լիանա Հակոբյանը վստահեցրեց՝ աշխատում է անկախ, իշխանության կողմից իր վրա որևէ ճնշում չկա․

 «Իմ վրա, համենայնդեպս, չկա որևէ ճնշում»։

Լրագրողների դիտարկմանը, թե  երեկ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, թե դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ եղել են ճնշումներ, Լիանա Հակոբյանն ասաց՝ տեղյակ չէ․

«Ցանկացած ճնշում դատավորի նկատմամբ, բնականաբար, անօրինական վարքագիծ է»։

Ըստ Հակոբյանի՝ դատավորի անկախությունը կախված չէ օրենսդիրից կամ գործադիրից.

 «Ինձ համար կա դատավոր, որը կարող է ունենալ ներքին անկախություն, կամ չունենալ։ Եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում անկախ աշխատելու, կարծում եմ՝ որևէ լծակ, որևէ իշխանության ճյուղ չի կարող իր վրա ճնշում գործադրել»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

 Առաջին հայցով արձանագրել են, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ և ենթակա չէ կատարման։

Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։ Առաջին երկու հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, իսկ երրորդ հայցադիմումը՝ դատավոր Լիանա Հակոբյանին։ Վերջինս մարտի 22-ին որոշել է հայցադիմումը վերադարձնել։