Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես վստահ եմ, մենք իշխանության գալու ենք․ ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

«Եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական պայմանավորվածությունը չպահպանվի, այն շատ լուրջ բացասական ռեզոնանս կառաջացնի հասարակության մեջ, ժողովուրդը դուրս կգա պահանջելու պահպանել պայմանավորվածությունները»,-այս կարծիքին է«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով այս մասին նշեց  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Մելքումյանը վստահեցրեց՝ 17-ի ձևաչափը պահպանվելու է, չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, իսկ  եթե հանկարծ ֆորսմաժորային իրավիճակ լինի, օրինակ՝ իշխանությունը հրաժարվի արտահերթից, 17-ն ամբողջ թափով կգործարկվի․

«Կսպասենք ապրիլի 20-ից հետո, եթե չլինի հրաժարական, ապա ժողովուդը դուրս կգա փողոց, և կարծում եմ՝ ոչ մի պայմանավորվածություն այլևս չի գործի»,- հայտարարեց Մելքումյանը:

Նաև  նշեց՝  չի կարող որևէ մեկի ասածի վերաբերյալ երաշխիք տալ և պնդել, որ ընտրություններն անպայման տեղի կունենան, բայց ամեն դեպքում ենթադրում է՝ պայմանավորվածությունները չեն խախտվի:

«Ա1+»-ի հարցին, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընդդիմության՝ մարտի 28-ի հանրահավաքին, Մելքումյանն ասաց՝ հատուկ չեն քննարկել, ինքն, օրինակ, մասնակցելու է։

ԲՀԿ պատգամավորի դիտարկմանը,  թե արտահերթ ընտրություններ հայտարարելով՝ Փաշինյանը փորձում է Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնել, արձագանքեց․

«Ծառուկյանին հնարավոր չէ հնազանդեցնել, պետք է արդար գնահատական տալ»։

Մելքումյանը հավելեց, որ ցուցակների հարց դեռ չեն քննարկել։

Ասաց՝ չեն քննարկել նաեւ՝ ինքը կլինի՞ ցուցակում, թե ոչ։

Ինչ վերաբերում  է հարցին, թե վերջին շրջանում բանկերը վարկեր չեն տրամադրում, պատգամավորը տեղեկացրեց, որ Հայաստանում կա մոտ 1 մլն 700 հազար վարկառու, իսկ վարկերի ծավալը 8 մլրդ դոլար է, այն դեպքում, երբ պետության  համախառն ներքին արդյունքը 12 մլրդ է, 8 մլրդ-ից 2 մլրդն էլ սպառողական վարկեր են․

«Պետք է մեր վարկառուներին ազատագրել, Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գա իշխանության, իսկ ես հավատում եմ, որ մենք անպայման իշխանություն ենք լինելու, ապա ազատագրելու ենք վարկառուների մեծ մասին»,- վստահեցրեց Միքայել Մելքումյանը: