Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ՝ պատերազմի մասին զեկույց պիտի կազմվի․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

«Մենք որևէ նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի ՀՀ Զինված ուժեր։  ԶՈՒ-ն նույնիսկ պետք է պատրաստի  զեկույց պատերազմի մասին՝  Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ», - Կառավարության նիստից հետո ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բացատրելով՝ եթե սլաքներն ուղղելու լինեին, իրենք կպատրաստեին այդ համապարփակ զեկույցը

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էր դադարեցնել պատերազմը, Արմեն Գրիգորյանի խոսքով, նման քննարկում, իրոք,  եղել է․

«Պատերազմը դադարեցնելու քննարկումը առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստում և այդ նիստում է հնչել պատերազմը դադարեցնելու և մեր կարողությունների չբավականեցնելու մասին միտքը», - ասաց նա։

Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, նրա խոսքով, գոնե երեք հրապարակային գործողություն իրականացրել են, և պատերազմը չի դադարել ոչ թե իրենց որոշումների պատճառով, այլ որ պատերազմին ինտենսիվ մասնակցություն ունեին Թուրքիան, Ադրբեջանը և ահաբեկիչների խումբը․ պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ։

Թե ինչու իրենք ավելի շուտ չէին արձագանքել Օնիկ Գասպարյանի հայտարարությանը և միայն նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո էին հիշել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք այդ մասին խոսել են Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատվելուց, ոչ թե վարչապետի հրաժարականը պահանջելուց հետո․

«Ինչ վերաբերում է՝ ինչու ենք այդքան ուշացել, հաշվի էինք առել ներքաղաքական վիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը և ճիշտ էինք գտել կենտրոնանալ բանակի բարեփոխումների և բանակաշինության վրա։ Քանի որ այս պահին այդ հայտարարությունը բանակի բարեփոխումների վրա որևէ կերպ չէր ազդելու, փորձել ենք պարզաբանումներ տալ, քանի որ բոլոր քաղաքական գործիչների կողմից դա ամենաշահարկվող թեման էր», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Պատասխանելով Սյունիքի ճանապարհների անվտանգության հարցին, նա նշեց՝ արվում է ամեն ինչ, որ ստեղծված նոր իրավիճակում անվտանգությունը հնարավորինս բարձր լինի։

Հարցին, թե որն է եղել խնդիրը, որ Հայաստանը  չի կարողացել պատերազմի 44 օրերին հրթիռներ ձեռք բերել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ «Սու-30ՍՄ» ինքնաթիռների մասով զինամթերք և մնացած ամեն ինչ ձեռք բերելը, ըստ պլանավորածի, պատերազմի սկսվելուց երկարաժամկետ էր, խնդիրը միայն դա էր։

Մանրամասները՝ տեսանյութում