Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սասուն Միքայելյանի գոյությունը չի, որ մարզպետ եմ նշանակվել․ ես օդից չեմ ընկել․ Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)

«Միայն Հայաստանում չէ, որ  հավաքներին մասնակցում է նաև մատաղ սերունդը և այդտեղ ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում», - կառավարության նիստից հետո  ասաց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա կարծիքն էին լրագրողները փորձում իմանալ փաստով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզի հանրահավաքին առաջին շարքում բազմաթիվ երեխաներ էին կանգնած։

Հաջորդ հարցը նրա նշանակման մասին է, թե արդյո՞ք «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ որոշ բարեկամական կապերն են ազդել մարզպետ նշանակվելու վրա․

«Լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը՝ ես իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ նաև Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ թե՜ մասնագիտական, թե՜ քաղաքական կենսագրությունը։ Այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյությունը տվեց հնարավորություն, որ ես մարզպետ նշանակվեմ։ Ես օդից չեմ ընկել, պատից չեմ ընկել։ Ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ վարում արդեն 20 տարի», - պատասխանեց Մեսրոպ Մեսրոպյանը։

Կոտայքի մարզպետարանը ֆինանսատնտեսական վարչության պետի թափուր տեղի մրցույթ էր հայտարարել, սակայն քաղծառայության կայքում այդ մասին հայտարարություն չի եղել, լրագրողը նշեց, որ որոշ տեղեկություններով՝ մարզպետարանի ներսում են մրցույթն իրականացրել և մարզպետն իր մտերիմներից մեկին է հաղթող ճանաչել, ինչպե՞ս կպարզաբանի Մեսրոպ Մեսրոպյանն այդ դեպքը․

«Այդ մարդուն ես ճանաչում եմ ու որևէ միտում և օրենքի խախտում տեղի չի ունեցել, նա մասնագետ է։ Ես հեռու եմ այդ ընտանեկան հարցերից», - ասաց նա։

Մարզպետն անդրադարձավ նաև «Հրազդանի բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին և թեկնածու Նարեկ Վանեսյանի ներկայացրած դատական հայցին․

«Դատարանը որոշում չի կայացրել, որ Նարեկ Վանեսյանը հաղթող է ճանաչվել։ Դատարանն ընդամենը վարույթ է վերցրել այդ մարդու բողոքը և այդ վարույթն ընդունելու հիմքով միջանկյալ որոշում է կայացրել, որ տեղի ունենալիք առաջիկա մրցույթը կասեցվի։ 7 թեկնածուներից երրորդ փուլ էր անցել միայն Նարեկ Վանեսյանը՝ հաղթահարելով թեստերի և բանավոր հարցերի փուլը, ծրագրերի ներկայացման փուլը 5 դեմ 2 կողմ ձայներով նա չի անցել», - ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ կայացավ, որին մասնակցում էին 7 թեկնածուներ: «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի՝ անվավեր ճանաչել Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թվականի հունվարի 26-ի անցկացված մրցույթի արդյունքները Ն.Վանեսյանի մասով: Նարեկ Վանեսյանին ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչել և պարտավորեցնել ՀՀ Կոտայքի մարզպետին Նարեկ Վանեսյանին «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակել: