Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին:
Ինչպես հայտնում է նախարարության պաշտոնական կայքը, քննարկվել են մարզիչների սոցիալական խնդիրներին, նրանց վերապատրաստումներին, մարզումային նորագույն մեթոդներին և մոտեցումներին, մարզադպրոցներում առկա պայմաններին առնչվող և մի շարք այլ հարցեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է հարցերը դնել իրավական հիմքի վրա, ապա կատարել համապատասխան կարգավորումներ՝ ի նպաստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների: Նախարարությունը նախատեսում է մեծածավալ ուսումնասիրություն կատարել հանրապետությունում գործող մարզադպրոցներում և համապատասխան կազմակերպություններում՝ առկա իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար:
«Առաջիկայում կլինեն շրջայցեր նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներ և մարզական հասարակական կազմակերպություններ: Միայն իրավիճակի խորքային ուսումնասիրության դեպքում հնարավոր կլինի հանդես գալ համապատասխան առաջարկություններով և կարգավորումներով: Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. դրա համար անհրաժեշտ են փոխադարձ ըմբռնում և համատեղ աշխատանք: Եթե յուրաքանչյուրն իր գործառույթները և լիազորությունները հստակ գիտակցի ու աշխատի դրանց համապատասխան, ապա ոլորտում եղած խնդիրներն արագ կլուծվեն, և առաջ կգնանք զարգացման ճանապարհով», - ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ չափազանց կարևոր են մարզիչների պարբերական վերապատրաստումները: Հանդիպման ավարտին Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց օպերատիվ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: