Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ ադրբեջանցին հասավ Սյունիք. ես չունեմ այդ հարցի պատասխանը. Գոռ Գևորգյան (տեսանյութ)

Արտահերթ ընտրությունների հարցն օրակարգային է, բայց կարևոր է ընտրել ճիշտ ժամանակը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը։

Ըստ նրա՝ ընտրությունների գնալու ընտրված ժամանակահատվածը լավագույնը չէ, երկրին պետք էր անցումային ժամանակահատված։

Պատգամավորը նշեն նաև՝ բացասական  է վերաբերվում Ադրբեջանի հետ կոմունիկացիներ ստեղծելուն պատմական այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանի սահմանների հետ կապված լրջագույն անվտանգային խնդիրներ կան, կա նաև ներքաղաքական ճգնաժամ․

«Այս պահի դրությամբ թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել տարանցիկ փոխադրումների մասին, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»,– նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ պատերազմից հետո էլ Ադրբեջանի նախագահի կողմից  Հայաստանի դեմ հնչեցված ցանկացած սպառնալիք պետք է պատշաճ գնահատականի արժանանա թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության կողմից, ըստ Գևորգյանի՝ պետք է հնչեն դատապարտող կոչեր։

Անդրադառնալով ռազմական գործողությունների ավարտից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակին ու իշխանության պնդումներին, թե Սյունիքն անվտանգ է՝ պատգամավորն ասաց․

«Սյունիքում լուրջ խնդիրներ կան՝ անվտանգության համակարգի համատեքստում, շփման գիծն ըստ էության դարձել է անմիջական, եւ այս առումով պետք է հսկայածավալ աշխատանքներ տարվեն։ Հուսով եմ, որ այդ աշխատանքը կատարվում է, որովհետեւ տարբեր հարցեր, երբ բարձրաձայնվում են, պատասխանում են այնքանով, որքանով թույլատրելի է, բայց միանշանակ ասել՝ անվտանգ է, թե ոչ, դրա ժամանակը չէ»։

Հարցին՝ ինչո՞ւ ադրբեջանցին հասավ Սյունիք, պատգամավորն ասաց՝ չունի այդ հարցի պատասխանը, ինչպես չունի շատ այլ հարցերի պատասխաններ։