Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունը չունի հեղինակավոր մարդիկ և ոչնչացնում է հեղինակություն ունեցողների հնարավորությունները․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Կառավարության քմահաճ վերաբերմունքը պետք է փոխվի, հակառակ դեպքում այդպիսի պատասխան կստանան,-այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անկախ պատգամավորների հարցերին չպատասխանելը համարելով միտումնավոր

«Ես գրավոր ուղարկվող հարցերն էլ գիտեմ, տեղն էլ, հասցեն էլ, ուղարկելու եղանակն էլ։ Երբ մեզ առաջարկում են գրավոր տարբերակը, գրավոր ընթացակարգով գիտե՞ք՝ օրը քանի հարց եմ ուղարկում կառավարություն», - ասաց Թովմասյանը:

Թովմասյանը հայտարարեց՝  ամենատարբեր քայլերի են դիմելու, որպեսզի այս  երևույթը վերանա:

Հիշեցնենք՝ երեկ Կառավարությունը հարցուպատասխանի ժամանակ մի քանի պատգամավորների, այդ թվում՝ իրենց խմբակցությունից դուրս եկած երեք պատգամավորների հարցերին չպատասխանեց՝ առաջարկելով դրանք ուղղել գրավոր։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին և ԸՕ-ին,  Թովմասյանն ասաց՝ իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, ամեն ինչ հարթ չէ այս թեմայով

«Իշխանության ներսում մարդիկ կան, որոնք սկզբունքորեն անհամաձայնություն ունեն ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով։ Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունը երբ իրականացվում է, պետք է հետեւել միջազգային գործընկերների վարքագծին,«պահանջներին»»։

Պատգամավորի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարեւորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան։  Նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող․

«Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»,– ասաց պատգամավորը։

Թովմասյանի համոզմամբ՝ իշխանությունները բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն մարզերում, դրա համար ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել 

«Իրենք մարզերում մարդ չունեն, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրեն, ու քանի որ այս ընտրությունները հեղափոխական  էյֆորիայի ֆոնին չէ, եւ մարդիկ ավելի սթափ են դատում, ավելի  ռեալ է, որ ավելի հեղինակություն ունեցող այլ կուսակցությունից առաջադրված մարդը կարող է լուրջ ձայներ հավաքել, դրա համար էլ իրենք ոչնչացնում են բոլոր հեղինակություն ունեցող մարդկանց հնարավորությունները»,– հավելեց նա։