Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հնարավոր է՝ ես դուրս գամ քաղաքանությունից. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է՝  2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ ռազմական դրություն էր սահմանվել երկրում, դրա հիմքերը չկային, այսօր, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, հանում են այդ որոշումը։

Այս հիմնավորմամբ Պետրոսյանը դեմ է քվեարկել ռազմական դրությունը վերացնելու` ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի նախագծին․

«Տարբերվելու, անհարկի հակադրվելու որևէ խնդիր չունեմ, ամբիցիաներ ես չունեմ, միակ պատճառը դա է։ Այն ժամանակ, երբ ռազմական դրություն էին հայտարարում, ՀՀ սահմաններին վտանգ չէր սպառնում»,–պնդեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` հիմա, երբ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանի վրա են գրոհում, և պատերազմի վտանգն էլ շատ տեսանելի է, պետք չէ ռազմական դրությունը վերացնել․ «Պետք է ամեն ինչ անել ՀՀ սահմանների անվտանգությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար»։ 

Պետրոսյանը պնդեց՝  գործող իշխանության համար կարևորը վերընտրվելն է, ոչ թե սահմանների պաշտպանությունը։

Հիշեցնենք՝ այսօր պատգամավորների 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն վերացրեց ռազմական դրությունը։

Պետրոսյանը դեմ է նաև արտահերթ ընտրություններին․

 «Նա, ով ձախողել է պետության գործերն ու պատերազմը, թող ինքը հրաժարական տա ու հեռանա, ոչ թե մի բան էլ ինքնագլուխ ընտրությունների օր հայտարարի։ Առանց հրաժարականի ի՞նչ ընտրության մասին է խոսքը: Թող նա բարի լիներ, հայտարարեր հրաժարականի օրը, եթե չի խաբում: Շատ տարածված կարծիք կա, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խաբել ժողովրդին: Թող բարի լիներ, հայտարարեր իր հրաժարականի օրը, նոր այդտեղից հաշվարկ արվեր, թե երբ են սպասվում արտահերթ ընտրությունները: Ոչ թե սկզբում հայտարարել ընտրությունների օրը՝ թքելով նախագահի ինստիտուտի ճակատին, հետո ասել՝ էսինչ օրը պատրաստվում է հրաժարական տալ»: 

Ըստ Պետրոսյանի՝ Փաշինյանը հիմա մարզերում շրջում է, ուզում է չափի՝ իր շանսերն ինչքան են, հետո հենց տեսնի՝ շանսերը գոհացուցիչ չեն, հրաժարվի ընտրությունների գնալուց․

«Այս իշխանությունը ընտրությունը սարքել է թաշկինակ իր համար, երբ պետք է, կասի՝ կօգտագործենք, երբ պետք է՝ չենք օգտագործի:  Դրա վառ օրինակը նախորդ տարի սահմանադրական հանրաքվեի վիժեցումն էր»,-հայտարարեց Պետրոսյանը։

Վերջինս նշեց՝ դեռ չգիտի՝ մասնակցելու է ընտրություններին թե ոչ, չբացառեց նաև, որ դուրս կգա քաղաքականությունից, բայց ունի Հայաստանի ղեկավարի իր թեկնածուն․

«Այսօր միակ մարդը, որը ընդունակ է իր անցած ուղով, իր անձնական որակներով, իր կապերով երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, Ռոբերտ Քոչարյանն է»։

Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, Պետրոսյանն ասաց՝ սկսվել էր շարժումը սեփականաշնորհելու գործընթաց, փորձում էին երևալ առաջինը։

Պետրոսյանը նաև հայտարարեց՝ ԲՀԿ-ի ցուցակով ընտրության չի գնա։