Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ-ն լսում է Քոչարյանի դիմումը 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը։

Նիստին մասնակցում են ՍԴ 8 դատավորները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում սույն գործին, որովհետև նրա վերաբերյալ այս գործով կայացվել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում։

Դիմումների քննությունն ի սկզբանե նախատեսված է գրավոր ընթացակարգով, սակայն դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց և պնդեց, որ այս գործը պետք է քննել բանավոր ընթացակարգով։ Պետրոսյանը պատճառաբանեց՝ պետք է քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով գործի հասարակական մեծ հնչեղությունը, որը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի անձով, գործի հանգամանքներով, նաև այս գործով քաղաքական իշխանության հետաքրրքվածությամբ։

Պետրոսյանի միջնորդությանը միացավ նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, ով պնդեց՝ հանրությունը, մասնավորապես՝ իրավական հանրությունը պետք է տեղյակ լինի կողմերի դիրքորոշումներին, և պետք է պարզ լինի, որ ՍԴ-ի համար սա պարզապես իրավական վեճ է՝ ՍԴ-ի անաչառությունը կասկածի տակ չդնելու համար։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը առաջարկեց ընդմիջել և միջնորդությունը քննել խորհրդակցական սենյակում, մինչդեռ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը պնդեցին՝ խորհրդակցական սենյակի մասին խոսք լինել չի կարող, այս միջնորդությունը, ըստ օրենքի, պետք է քննարկվի բանավոր ընթացակարգով։

ՍԴ դատավորներ Արթուր Վաղարշյանը, Երվանդ Խունդկարյանը, էդգար Շաթիրյանը, Նախագահ Արման Դիանյանը դեմ արտահայտվեցին բանավոր քննության անցնելու վերաբերյալ միջնորդությանը, միջնորդությունը չընդունվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավոր ընթացակարգով քննելու դիմումները։

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ):

Նշենք, որ 300․1-ին հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: