Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլոր հարցերի շուրջ փոխհամաձայնություն կա․ ժամկետային զինծառայողի ծնողը դուրս եկավ Կառավարությունից (տեսանյութ)

Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։ Պահանջն էլ նույնն էր՝ 44 օր պատերազմում կռված ու հետպատերազմյան ծանր օրերն ապրած զինվորների ծառայության ժամկետի կրճատում՝ նվազագույնը 6 ամսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ծնողներից մի քանիսը հանդիպել էին օրեր առաջ՝ մարտի 19-ին։ Վարչապետը պատասխանել էր, որ քննարկումներ կլինեն և նման որոշման համար օրենսդրական փոփոխություն է հարկավոր, սակայն միայն երկու շաբաթից կարող են ասել՝ հստակ ինչ քայլեր կձեռնարկեն։

Վարչապետի հետ հանդիպած ծնողներից մեկը նշեց, որ հանդիպումից հետո մյուսներին ներկայացրել են պատասխանը և այն նրանց չի բավարարել։ Դրանից հետո նորից հանդիպում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ,  և նա պատրաստակամություն է հայտնել այսօր ընդունել նրանց։ Ծնողների 8 հոգանոց խումբ եկել էր հանդիպմանը։

Ծնողներն ասում են՝ երեխաներն առողջական խնդիրներ ունեն, սակայն համապատասխան հետազոտություններ էլ չեն անցնում։ Բացի դրանից, հոգեբանական լուրջ խնդիրներ էլ են առաջացել․

«Իմ տղան շատ շփվող էր մինչև պատերազմը, պատերազմից հետո ոչ մեկի հետ ոչ մի թեմայով չուզեց խոսել, նրանք ինքնամփոփվել են և նրանց պետք է զինվորական հոգեբանների հետ զրույցներով այդ վիճակից հանել։ Իմ տղան 5 օրով էր արձակուրդ եկել, երեխա էլ կա տարիուկես ընտանիքին չի տեսել։ Մայրական խնամքը, հարազատի հետ զրույցը նույնպես կարող է օգնել պատերազմ անցած երեխաներին», - ասաց ծնողներից մեկը։

Ծնողները դուրս եկան մեկ ժամից ավելի տևած հանդիպումից և ասացին, որ ի տարբերություն նախորդ հանդիպման, երբ խնդիրների լուծման առաջարկված ժամկետների հետ համաձայն չէին, այս անգամ արդյունքներից գոհ են․

«Բոլոր հարցերի շուրջ այժմ փոխհամաձայնություն կա և մեր բարձրացրած բոլոր խնդիրների շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են», - ասացին նրանք։