Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանում տեղի է ունենում հայկականության դեմ պատերազմ․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մարդը կանգնում է և ասում է՝ ինչո՞ւ ենք  մենք նրանց թշնամի համարում, ու դա ասում է մարդ, ով եղել է գերագույն գլխավոր հրամանատար մի պատերազմի ժամանակ, որտեղ 5000 հայ է զոհվել, որտեղ 10․000 ք/կմ է կորսվել»,-ասում է Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Շարմազանովի խոսքով՝ ինչքան էլ Հայաստանի որևէ իշխանություն խաղաղասեր լինի, թրքասեր լինի, Թուրքիան և Ադրբեջանը ունեն պանթուրքիզմի ծրագիր, մենք խանգարում ենք, իսկ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է հենց նրանց շահը։

ՀՀԿ խոսնակը պնդում է՝ Հայաստանում տեղի է ունենում հայկականության դեմ պատերազմ։

Շարմազանովը անբարոյականություն է որակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տղաները զոհվեցին, որ Ալիևին ասենք՝ Արցախի հարցը լուծված չէ․

«Էրդողանի ու Ալիևի շահերը սպասարկող անձին դիմավորում են աղուհացով»։

Շարմազանովը հիշեցնում է՝ հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ ՍՈՒ30-ը մարտական խոցում է կատարել, մինչդեռ այսօր ասում է՝ հրթիռները չհասցնեց ձեռք բերել։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին և ՀՀԿ-ի թողած ժառանգությանը, Շարմազանովն ասում է․

«Հոկտեմբերի 19-ին ուղիղ հարց եմ տվել՝ պարոն Փաշինյա՛ն, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը ձեզ ի՞նչ է առաջարկվել, ինքը բոլորի մոտ ասաց՝ առաջարկվել է՝ 5+2-ը, բա էտ Շուշին, Հադրութը որտեղի՞ց բուսնեցին»։

Շարմազանովը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին ավելի լավ պայմաններով պատերազմը չկանգնեցվեց․

«Սա դավաճանություն չէ՞»։

Ըստ Շարմազանովի՝ բոլոր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ պետք է անեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա․

«Ինքը բերել է պատերազմ իր անհեռատես, սխալ, հակահայ քաղաքականությամբ»։

Շարմազանովը հայտարարեց՝ նախկինները ժառանգել են ազատ, անկախ Արցախ, Շուշի, որտեղ Նիկոլ Փաշինյանը  քոչարի էր պարում։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Շարմազանովն ասում է՝ դրա մասին խոսելը վաղ է, հավելում է՝ երեք տարի տարբեր տեղեր պայքարել են այս իշխանության դեմ, այսօր  դեռ չեն քննարկել՝ արտահերթի կգնան, թե ոչ, բայց իրենց օրակարգն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա․

«Ընտրությունը սրա կողմից քաղաքացիական նոր բախումների փորձ է լինելու»,-պնդում է ՀՀԿ խոսնակը։

Ըստ Շարմազնովի՝ Հայաստանը կարիք ունի, որ բոլոր նախագահները համախմբվեն, միասին հանդիպեն և միասին գործեն։