Բացել լրահոսը Փակել լրահոսը
1046641
A A
Քաղաքականություն

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:

Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը:

«Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները:

Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում: