Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Այս անօրինականությունները, որ տեղի են ունենում, նրանց դուրը գալի՞ս են»․ ընդդիմության ակցիան Դեմիրճյան փողոցում (տեսանյութ)

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում։ 

Ակցիայի նպատակը Ազգային ժողովից դուրս եկող իշխանական պատգամավորներին հանդիպելն ու նրանց հարցեր ուղղելն է,- հայտարարեցին Դեմիրճյանում հավաքված ակցիայի մասնակիցները․

«Այստեղ ենք, որպեսզի պատգամավորներից շատերին, որոնք կհամարձակվեն այս փողոցով քայլել, հարցնենք՝ այս անօրինականությունները, որ տեղի են ունենում, այս ամենաթողությունը նրանց դուրը գալի՞ս են։ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեորեն պատժելի հանցանք են կատարում, հայհոյում են սոցիալական տիրույթում, հայհոյողն էլ շարքային մեկը չի, մի ամբողջ կուսակցության անդամ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ևս Դեմիրճյան պողոտայում էր։

Վերջինս անդրադարձավ ԱԺ-ում այսօր արտահերթ նիոտով քննարկվող Դատական օրենսգրքում կատարվող փոփոխություններին․

«Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նվաճողական քաղաքականության շրջանակում ներկայացրել է նախաձեռնություն՝ դատական օրենսգրքի վերաբերյալ։ Այս նախագիծը հերթական ոտնձգությունն է դատական իշխանության նկատմամբ՝ քաղաքական իշխանության կողմից»,- նշեց Մինասյանը։

Մինասյանը համոզմունք ունի՝ այս փոփոխություններով  իշխանության նպատակը ճնշում գործադրել այն դատավորների նկատմամբ, որոնք չեն կատարում իր ցանկությունը․

«Աննախադեպ է, երբ ԲԴԽ-ին՝ որպես դատավորների ու դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի, տրվում է ինքնուրույն վարույթ հարուցելու իրավասություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Սա ոչ այլ ինչ է, քան դատարաններն ու դատավորներին մի քանիսի ցանկությունները կատարողը դարձնելու փորձ։ Վտանգն այն է, որ մեր դատավորները պետք է ոչ թե արդարադատություն իրականացնեն, այլ անընդհատ փաստաբանական ծառայություններից օգտնվեն՝ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով»,- նշեց նա։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝  հենց դատավորները անկախություն դրսևորելու փորձ են անում, միանգամից ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին ստիպում են «հարձակվել» այդ դատավորների, նրանց ընտանեկան կյանքի վրա։

Մինասյանը պնդեց՝ հիմա պետք է կանխել այս ամենը, իշխանական պատգմավորներին պետք է բացատրել, որ իրենք պատասխանատվություն են կրելու այդ ամենի համար․

«Ո՞վ եք դուք, որ դատավորի անկախությունը խախտելուն ուղղված քայլեր ու գործողություններ եք անում»,-իշխանական պատգամավորներին դիմեց Մինասյանը։

Դեմիճյան փողոցում էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Վերջինս հայարարեց՝ իր պահանջն ուղղված է ընդդիմադիր խմբակցություններին․

«Այս նախագիծը Սահմանադրության կոպտագույն խախտում է, ամբեղջ աշխարհում տեսնում ենք՝ մարդիկ վեր են կենում, ամբիոն են գրավում և ասում՝ չենք թողնում, որ նիստ անեք։ Շատ մարդիկ հիմա դա են պահանջում, ոչ թե գալստուկներով գալ, նստել, հարցեր տալ և ինչ-որ «գալոչկաներ» դնել»։