Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կձևավորենք Արցախ նախաձեռնություն․ տպավորություն է՝ հանձնեցինք, պրծանք․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

«Մենք պատրաստվում ենք այս խորհրդարանում, թեկուզ արդեն կարճաժամկետ, լինել Արցախի ձայնը», - ԱԺ արտահերթ նիստում  ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ իր գործընկերներ Սոֆյա Հովսեփյանի և Աննա Գրիգորյանի հետ օրերս եղել են Արցախում և որոշել «Արցախ» նախաձեռնությունը ձևավորել․

«Այն կլինի ոչ իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը մեզ թույլ չի տալիս։ Մինչև հիմա մենք միայն ունենք Արցախի հետ բարեկամական խումբ, իսկ այդպիսի խմբեր մենք ունենք նաև այլ երկրներում։ Կարծում եմ՝ Արցախի հանդեպ հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ցուցաբերել», - ասաց Թագուհի Թովմասյանը։

Թովմասյանի խոսքով՝ եթե մինչ պատերազմն ասում էինք, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, հիմա արդեն ակնհայտ է, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ու Գեղարքունիքում և Սյունիքում մաշկի վրա զգում ենք, թե Արցախը քանի կմ հեռու էր պահում թշնամուն մեզնից․

«Արցախյան հարցը կարծես մեր քաղաքական օրակարգից դուրս է եկել։ Խորհրդարանում ես իմ մեկ գործընկերոջ եմ հիշում, որ ամբիոնից մի քանի անգամ խոսել է Արցախի հարցի մասին, խոսքը Տարոն Սիմոնյանի մասին է։ Մենք մեծապես Արցախը մոռացել ենք ու տպավորություն է՝ հանձնեցինք, պրծանք։ Բայց մենք շարունակելու ենք Արցախը պահել ուշադրության կենտրոնում», - ասաց նա։