Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat - lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն բոյկոտեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Արարատի» հետ խաղը (տեսանյութ)

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում այսօր նախատեսված «Արարատ» - «Լոռի ՖԱ» հանդիպումը չկայացավ:

Հանդիպման գլխավոր մրցավարը երբ ազդարարեց խաղի սկիզբը, հյուրերի ֆուտբոլիստները պայքարը սկսելու փոխարեն միասին ուղղվեցին դեպի պահեստայինների նստարան: Որոշ ժամանակ անց մրցավարը թիմերին հրավիրեց հանդերձարան: Մարզադաշտում հայտարարվեց, որ վերջնական որոշում խաղի հետ կապված կկայացվի 10 րոպե անց։ Սակայն, 20 րոպե անց խաղադաշտ վերադարձան միայն տանտերերը, իսկ հյուրերն այլևս չներկայացան խաղին:

Ի դեպ, «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբը երեկ իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մեկնաբանություն էր թողել. «Պատրաստ ենք վաղը կայանալիք Արարատի հետ հանդիպմանը, բայց սպասում ենք ՀՖՖ բողոքարկման կոմիտեի՝ ուրբաթ օրը կայացած նիստի արդարացի որոշմանը »: Իսկ թե ինչ որոշում է կայացրել ՀՖՖ բողոքարկման կոմիտեն, ֆեդերացիայի պաշտոնական կայքը դեռ չի հրապարակել:

Ինչևէ, անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ գրանցվեց հերթական չկայացած հանդիպումը: Արդյոք դա վերջինն է, թե ֆուտբոլասերներին դեռ սպասվում են նմանատիպ նոր անակնկալներ, ցույց կտա ժամանակը: