Ուրի՞շ․ ընդդիմադիրները՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվագանու նիստի օրակարգում նաեւ «Երևան քաղաքի 2020թ․ բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» մասին հարցն էր։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը զեկույցում նշեց, որ Երևանի 2020թ․ բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 73․3 մլրդ դրամ՝ ծրագրված 84․9 մլրդ դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է ընդհանուր առմամբ 86․ 4%։
Ավագանու «ԲՀԿ»խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ այս կատարողականը շատ մտահոգիչ է և վերջին տարիներին բյուջեի կատարողականը գնալով նվազում է․
«Ինձ համար հիմնավորում չեն կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմական իրավիճակը։ Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ մնացած համայնքներն ունենալով սուղ ֆինանսական պայմաններ էլ ավելի արդյունավետ կատարողականներ են ներկայացրել, քան Երևան քաղաքը»։
Նրա խոսքով՝ քաղաքով զբոսնելիս տպավորություն է, որ 90-ականների սկզբի Երևանն է։ Քաղաքը խամրած է, փողոցներում փոսեր են, այգիներն ու պուրակները պակասել են, կանաչապատում չկա։
«Ո՞վ է պատասխանատու ի վերջո նման կապիտուլյացիոն կատարողականի համար։ Կառավարումը սխալ է ընթանում և հիմնավոր փոփոխություններ են պետք։ Մենք խցանումների մեջ ենք թաթախված, փողը կա, էստակադա չի կառուցվում։ Պարո՛ն Մարության, մի էստակադա սարքեք, խոսք եմ տալիս՝ նախագիծ կբերեմ, այդ էստակադան Ձեր անունով կկոչեն», - ասաց Միքայել Մանրիկյանը։
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց՝ եթե էստակադան կառուցվի, մեծ սիրով կմիանա անվանակոչման առաջարկին․
«Բայց եթե էստակադան չկառուցվի, պարո՛ն Մարության, Մոնումենտի խողովակների անվանակոչման ծրագիր կբերեմ, դրանք կան ու կան»։
Նրա խոսքով՝ 2․5 տարվա չարված աշխատանքները ներկայացվում են որպես բյուջեի տնտեսում, եթե այս տարի չի արվել, օրինակ, 200 մ ասֆալտ, չի նշանակում, որ հաջորդ տարի չի արվելու 400 մ․
«Բյուջեում մնացած գումարները նշանակում են, որ քաղաքային իշխանությունը չի արել այն, ինչ պետք է աներ։ 2․5 տարի է՝ աղբը հավաքել եք, ապրեք, որ հավաքել եք։ Ուրի՞շ։ Արդյունքը միայն եղել են մի քանի գազել՝ բառիս ամենաբուն իմաստով։ Քաղաքն իներցիայով ավելի լավ կաշխատի և կապրի, քան ձեր կառավարման շնորհիվ, կամ օրոք, կամ ի տապալոյ ձեր կառավարության», - ասաց Թդհմինա Վարդանյանը։
Պատերազմի և դրա հետևանքների մասին, ավագանու «ԲՀԿ» անդամ Հռիփսիմե Առաքելյանի խոսքով, բազմիցս ցանկացել է լսել Երևանի քաղաքապետի դիրքորոշման մասին․
«Ես չեմ կարողանում պատկերացնել, որ Դուք, պարո՛ն քաղաքապետ, կարող եք այդքան անհաղորդ մնալ Երևանի խնդիրներին մասնավորապես, և ընդհանուր երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Նաև Ձեր իսկ թիմում տեղի ունեցող երևույթներին գնահատական տալուն, եթե Ձեր թիմակիցները շատ լավ հասկանալով, որ դուք տապալել եք ամբողջ պետական կառավարումը, ընդհուպ մինչև հայրենազրկում, շարունակում են որևէ կերպ չարձագանքել այդ ամենին՝ թեկուզ ձեր շեֆին պաշտպանելու առումով։ Գուցե տեսլակա՞ն ունեք «այ մարդ, գործ չունեմ, միգուցե հետո գլխիս ճարը տեսնեմ» սկզբունքով», - ասաց նա։
Քաղաքապետ Հայկ Մարությանը եզրափակիչ խոսքում նշեց, որ միշտ ակնկալում է ընդդիմադիր գործընկերներից նմանատիպ դիտարկումներ, մտորումներ, մտահոգություններ, որովհետև դա մշտապես սթափության մեջ է պահում քաղաքային գործող իշխանությանը․
«Ավագանու համար օբյեկտիվությունից շեղվել և մտնել սուբյեկտիվության դաշտ ճիշտ չէ մեր քաղաքացիների նկատմամբ։ Անգամ շատ հզոր երկրներն են կորոնավիրուսի պատճառով ծանր վիճակում։ Անդրադառնալով Երևան քաղաքին՝ 300 մլնի միայն հետիոտնային անցումի տենդերներ էին դրված, բայց մարդիկ հասկանում էին՝ գային, մասնակցեին, հաղթեին, սահմանափակումների վիճակում չէին կարողանալու կատարել աշխատանքները և ընկնելու էին սև ցուցակ և ոչ մի ընկերություն դրան չէր գնա», - ասաց Մարությանը։
Երևան քաղաքի ավագանին ընդունեց 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը՝ 37 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։