Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ․ պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում հրապարակեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, համաձայն որի՝  Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ․

«Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Հետևաբար, ըստ այդ փաստաթղթի՝ նաև նշվում է, որ Մարտի 1-ի գործը քաղաքական է ու պետք չէ Ինտերպոլին խառնել դրան»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանը նշեց, որ Ինտերպոլը կոնկրետ դեպքով հրաժարվել է համագործակցել ՀՀ-ի հետ և կոչ է արել անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները և հետախուզում չպահանջել։

Բացի այդ, պատգամավորը նշեց, որ կա երկրորդ փաստաթուղթ, որն ուղղված է Ինտերպոլի աշխարհի բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի Գևորգ Կոստանյանի վերաբերյալ բոլոր տվյալները հանվեն Ինտերպոլի բազայից․

«Տեղեկատվական բազայից այդ ինֆորմացիայի հեռացումից հետո Գևորգ Կոստանյանը կարող է ազատ տեղաշարժվել»,- նշեց նա։

Գևորգ Կոստանյանը չի հետախուզվում արդեն մեկ տարուց ավելի,- ասաց Թովմասյանը։

Չնայած այս ամենին՝ անկախ պատգամավորը հիշեցնում է՝ այս ընթացքում Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հավաստիացնում էին, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը խանգարում են այն մի քանի մարդիկ, որոնք բացակայում են երկրից։

Անկախ պատգամավորի խոսքով՝ առաջին անգամն է, որ միջազգային այսպիսի հեղինակավոր կազմակերպությունը արձանագրում է, որ մեր երկրում քաղաքական հետապնդում է իրականացվում և մերժում է իշխանությունների հետ համագործակցությունը․

«Պարզվում է՝ Մարտի 1-ի գործով միակ բանը, որ բացահայտված է, այն է, որ այդ գործով ունենք քաղաքական հալածյալներ, բայց ամենակարևոր սպանությունների մասով բացահայտում չունենք»։

Թովմասյանն ասում է՝ սա ապտակ էր  մեզ բոլորիս, ըստ նրա՝ չի բացառվում, որ մյուս հետախուզվողների մասով էլ կան նման փաստաթղթեր։

Անկախ պատգամավորն ասաց՝ այլ փաստաթղթեր ևս ունի, որոնք պատրաստվում է հրապարակել։