Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազելի Բաղդասարյան
A A
Քաղաքականություն

Գերեվարվածների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդումն անհիմն է և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին․ Ն․ Բաղդասարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆբ-ի իր էջում գրել է.

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ ռազմագերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում։
 
Փաստերի և հանգամանքների նենգափոխումը, մեր հայրենակիցների հանդեպ «դիվերսանտ» կամ «ահաբեկիչ» եզրույթի օգտագործումն անընդունելի է։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջը վերաբերում է Ադրբեջանում պահվող բոլոր անձանց՝ անկախ կարգավիճակից եւ անկախ գերեվարման ամսաթվից, ուստի տարածվում է հակամարտող 2 երկրում բոլոր բռնի պահվողների վրա։ Վերոգրյալից նաեւ բխում է, որ վերջիններս ունեն բացառապես գերեվարվածի կարգավիճակ։
 
Վերահաստատելով հայկական կողմի մոտեցումը՝ հերթական անգամ հարկ եմ համարում արձանագրել, որ գերեվարվածների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդումն անհիմն է և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Փաստենք, որ եռակողմ հարտարարության ստորագրումից հետո խաղաղ պայմաններում Խծաբերդից և Հին Թաղերից 64 անձի գերեվարումն ինքնին հակասում էր ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը։
 
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, քանզի մեր հայրենակիցների հայրենադարձման անհարկի ձգձգումը համընդհանուր և համամարդկային արժեքների ոտնահարման վառ ապացույց է։