Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+seminar
A A
Սպորտ

ՀՖՖ-ն մրցավարական սեմինար անցկացրեց լրագրողների համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինն այսօր մրցավարական սեմինար անցկացրեց մարզական լրագրողների և մեկնաբանների համար: Այն տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը լրագրողներին ներկայացրեց ֆուտբոլ խաղի կանոնների վերջին փոփոխությունները, ինչպես նաև խոսեց  ֆուտբոլում ամենաշատ քննարկվող մրցավարական հարցերի մասին:

Ինչպես ասած բանախոսը, այսօր հիմնականում քննարկման առարկա են դառնում ձեռքով խաղի, վերջին հույսի խախտման և խաղից դուրս վիճակի հետ կապված իրավիճակները: Մասնավորապես՝ նոր կանոնով եթե գնդակը պատահականորեն դիպչում է ֆուտբոլիստի  ձեռքին, որից հետո նա գոլ է խփում, ապա մրցավարը պետք է արձանագրի ձեռքով խաղ: Իսկ եթե նման միջադեպ տեղի է ունենում պաշտպանվող ֆուտբոլիստի հետ, ապա այդ դեպքում այն չի համարվում խաղի կանոնների խախտում:

Ֆուտբոլում մեծ տարաձայնություններ են լինում նաև կապված վերջին հույսի խախտման հետ: Այն կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, բայց ինչպես նշեց փորձառու մրցավարը, եթե նման խախտումը կատարվում է տուգանային հրապարակից դուրս, ապա մրցավարը պարտավոր է կարգազանցինց կարմիր քարտ ցույց տալ, իսկ տուգանայում լինելու դեպքում արդեն նշանակվում է 11մ հարված, իսկ ֆուտբոլիստը պատժվում է ընդամենը դեղին քարտով:

Ինչպես ասաց ՈՒԵՖԱ-ի տեսուչը, վերջին տարիներին ֆուտբոլում ներդրված VAR համակարգն որոշ չափով թեթևացրել է մրցավարական գործը, սակայն այն էլ 100 տոկոսանոց չէ, քանի որ խաղավարը չի կարողանում մանրամասը քննարկել այդ դրվագը և կարող է նույնպես սխալվել պահի տակ:

Սեմինարի ընթացքում Կարեն Նալբանդյանը ներկայացրեց բազմաթիվ ուսուցողական տեսանյութեր, որոնք, կարծես, նման էին իրենց դրվագներով, սակայն ուշադիր դիտելուց և ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ բավականին տարբերվում են իրարից և մրցավարները տարբեր որոշումներ են կայացրել:

Կարեն Նալբանդյանը ելնելով իր աշխատանքային փորձից, ասաց, որ մրցավարների համար շատ դժվար է մի քանի վայրկյանում արագ կողմնորոշվել և ճիշտ որոշում կայացնել, դրա համար էլ նրանք սխալվում են, չնայած տեսականորեն լավ պատրաստված են լինում: Գլխավորն այն է, որ դրանք չլինեն միտումնավոր կամ անընդհատ չկրկնվեն նույն դրվագում: