Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo-055
A A
Պաշտոնական

Իջևանում գործարկվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը, Հայփոստի հետ համատեղ, մարտի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ Հայփոստի կենտրոնական գրասենյակի տարածքում, գործարկեց  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:

Գրասենյակի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Միասնական գրասենյակը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները: Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

«Շուրջ մի քանի տասնյակ՝ մինչև հարյուր, ծառայություններ են այս պահին գործում և բոլորը սպասարկվում են մեկ վայրում: Կարծում եմ, սա քաղաքացիների համար նոր հնարավորություններ է ստեղծում: Այս տենդենցը շարունակական է լինելու: Առաջիկայում, փոստի զարգացման ռազմավարության շրջանակներում, տարբեր  քաղաքներում նմանատիպ ևս 2-3 մեծ գրասենյակներ կբացվեն, և միասնական մեկ վայրում մեր քաղաքացիների համար առավել լավ որակի ծառայություններ հրավոր կլինի մատուցել»,- ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան: 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Երևանի կենտրոնում բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակից հետո Իջևանում գործարկվածը երկրորդն է, որը հնարավոր եղավ իրականություն դարձնել Հայփոստի հետ համագործակցության արդյունքում։ Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, Կառավարությունը երեք հիմնական ուղղություններով է ծառայությունների մատուցումը հեշտացնում քաղաքացիների համար՝ վարչարարության մեջ ավելորդ գործընթացների բացառում, թվայնացում, որպեսզի ծառայությունը հնարավոր լինի ստանալ օնլայն տարբերակով և Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների գործարկում, որպեսզի որպեսզի պետական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնենք մեր մարզերի բնակիչներին», - նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։



«Մենք շատ ուրախ ենք, որ առաջին մարզային գրասենյակը բացվում է Տավուշում: Այսօրվանից ծառայությունների որակն էապես բարձրանալու է: Սրանով մենք լրացուցիչ հայտ ենք ներկայացնում, որ բարձր որակի ծառայություններ ենք պատրաստ մատուցել մեր քաղաքացիներին»,- ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 

«Հայփոստը պատրաստ է ստանձնել միջազգային չափորոշիչների համաձայն մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու գործընթացը: Այսօր Իջևանում բացվող այս գրասենյակն առաջին քայլն է մեկ պատուհան սկզբունքի կիրառման. հաճախորդը մեկ այցով մեկ վայրում ստանում է միաժամանակ մի քանի ծառայություն: Այս նախաձեռնությունն առաջիկայում կունենա իր շարունակությունը մյուս մարզկենտրոններում. նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ գործարկել Կապան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում»-նշում է Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիները ստանալու են

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,
  • Սոցիալական ապահովության ծառայության,
  • Ազգային արխիվի, 
  • Անձնագրային և վիզաների վարչության, 
  • Կադաստրի կոմիտեի,
  •  Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող ծառայությունները:

 

Իջևանում Հայփոստի բաժանմունքի հասցեն է քաղաք Իջևան, Երևանյան-10: