Բացել լրահոսը Փակել լրահոսը
158985299_1615589328640066_2317625269054726370_n
A A
Պաշտոնական

«Արդար Հայաստան»-ը դիմում է ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սերգեյ Կոպիրկինին 

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն տիկին Լին Թրեյսիին 

ԴԻՄՈՒՄ

Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ

 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, Ադրբեջանի և նրա քաղաքական ղեկավարության սպառնալից ու ցինիզմի դրսևորումներով հագեցած, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորած բացահայտ հավակնությունները սպառնում են տարածաշրջանի կայուն խաղաղությանը և միտված են վիժեցնելու Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը: 

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: 

Թեև վերը նշվածին, Ադրբեջանը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել պատանդներին, ռազմագերիներին և այլ անձանց՝ հայտարարելով, որ նրանք հանդիսանում են դիվերսանտներ, ըստ էության, կոպտորեն խախտելով իր իսկ կողմից ստորագրված հայտարարության պահանջը: 

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ամբողջությամբ համապատասխանում են 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում ընդունված ՛՛Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին՛՛ կոնվենցիայով սահմանված ՛՛Ռազմագերի՛՛ հասկացության չափանիշներին, հետևաբար՝ Ադրբեջանի կողմից նրանց կարգավիճակի նենգափոխումը մեկ անգամ ևս հավաստում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը: 

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, խոսում է այն մասին, որ այդ պետությունը հանցագործ պետություն է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ծանրագույն հանցագործություն՝ նպատակ հետապնդելով արցախցիներին զրկել իրենց հայրենիքում ապրելու բնական իրավունքից: 

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի այս իրողությունը՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ որևէ պարագայում և որևէ ձևաչափով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում: 

Այս իրավիճակում, երբ Ադրբեջանը, արբեցած իր թվացյալ հաջողությամբ, փորձում է պահպանել լարվածությունը և շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պետք է գործադրեն իրական ջանքեր՝ սանձազերծված պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ, քանի որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն ուղղակի մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի դեմ: 

Արցախի հիմնախնդիրը, այո՛, պետք է լուծել: Տևական խաղաղության հաստատումը բխում է առաջին հերթին Հայաստանի և Արցախի շահերից:

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հարցը դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության վրա: 

 

Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ 

Արցախյան հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է եղել ապահովել արցախահայության իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը՝ զարգացման վստահելի երաշխիքներով: 

Խորապես համոզված ենք, որ անկախ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և նրա միջազգային ճանաչումը կերաշխավորի այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը: Հետևաբար՝ առանցքային խնդիր է Արցախի զավթված տարածքներից ադրբեջանական զորքերի և օտարերկրյա վարձկանների դուրսբերումը՝ ապահովելով տեղահանված հայ փախստականների վերադարձն իրենց բնակարանները։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ, հորդորում ենք Ձեզ գործադրել բավարար, արդյունավետ ու առավելագույն ջանքեր. 

  1. Վիժեցնելու տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորվող բացահայտ զավթողական նկրտումները: 
  2. Ձեռնարկել գործուն քայլեր՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ, առանց որևէ նախապայմանի Հայաստան վերադարձնելու համար:
  3. Իրականացնել շոշափելի քայլեր՝ Արցախի հիմնախնդրի լուծումը հակամարտության խաղաղ կարգավորման հուն տեղափոխելու  համար՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչման հնարավորությունը:
  4. Իրական ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը միջազգային իրավասու կառույցների կողմից հետաքննելու, պատերազմի հանցագործ, տարածաշրջանը միջազգային իսլամիստական ահաբեկչական խմբավորման թատերաբեմ դարձրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանատվության հարցը քննության առնելու համար: 


«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն