Բացել լրահոսը Փակել լրահոսը
20a63d55f0b546e74808a1f9b61ae289.0
A A
Քաղաքականություն

Նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է քաղաքական ճգնաժամը հանգուցալուծողի կամ այդ գործընթացի լոկոմոտիվի դերը ստանձնել. քաղաքագետ

Հարցերին պատասխանում է ՀՀ ՊԿԱ ասպիրանտ, քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանը:

-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայր: Կանխատեսումներ անելը, իհարկե, բարդ է, այնուամենայնիվ, ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ լուծումներ կարող են լինել:

-Հանդիպման վերաբերյալ տեղյակ ենք, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը», դրական է պատասխանել, ինչպես նաև կառավարող ուժը: Նախագահի նախաձեռնած քննարկմանը չի գնա ընդդիմադիր հարթակը ներկայացնող շարժումը, որը երեկ դրա մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց: Հանդիպման բովանդակային էության մասին կարող եմ ասել, որ լավ կլինի, որ ճգնաժամի բոլոր կողմերը մասնակցեն հանդիպմանը: Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է քաղաքական ճգնաժամը հանգուցալուծողի կամ այդ գործընթացի լոկոմոտիվի դերը ստանձնել: Նախագահականում տեղի ունենալիք հանդիպմամբ կարող է լրջագույն առաընթաց գրանցվել փողոցներից գործընթացները պառլամենտ տեղափոխելու առումով: Լավագույն արդյունքը, իմ կարծիքով, կլինի այն, որ արձանագրվի, որ բռնությամբ չկա ու չի կարող լինել որևէ լուծում ու ամենակարևորը՝ Հայաստանում իշխանությունը պետք է վերարտադրվի կամ հեռանա միայն ազատ, արդար ընտրություններով:

-Հանդիպման վերաբերյալ «Հայաստանի փրկության շարժման» հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։

-Ամեն դեպքում, կարծում եմ՝ ճիշտը մասնակցելն է ու դիրքորոշումը ևս մեկ անգամ հրապարակային հայտնելն է: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ միավոր ինքն է որոշում իր օրակարգը, այս տեսանկյունից այդ փաստը պետք է ընդունել պարզապես ի գիտություն, բայց ծայրահեղականության դիրքերից պետք չէ խոսել, դա փակուղի է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ:

-Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա և արտահերթ ընտրություններ լինեն միայն նրա մասնակցության պայմանով:

-Գիտեք, այդ հարցին կա մեկ պարզ պատասխան՝ վարչապետը հրաժարական կարող է տալ միայն երկու դեպքում, երբ քաղաքական ուժերի միջև հստակ համաձայնություն լինի, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և երբ փողոցում լինի մարդկանց կրիտիկական զանգված, որի պայմաններում իշխանությունն այլևս ի զորու չի լինելու դիմակայել քաղաքացիական ճնշումներին: Երկու դեպքում էլ չկան անհրաժեշտ հանգամանքներ: Արտահերթ ընտրություններ տեղի ունենալու պարագայում, իմ կարծիքով, դրանք կազմակերպվելու են գործող իշխանության կողմից, իսկ ընդդիմության քայլերի մասով, բնականաբար, ես չեմ կարող ասել, բայց որպես քաղաքագետ կցանկանամ, որ ընտրություններին մասնակցեն շատ տարբեր կուսակցություններ և քաղաքական միավորներ՝ դա միայն ավելի մրցակցային ու ավելի հետաքրքիր կդարձնի ընտրապայքարը:

-Գերիների վերադարձի և առհասարակ նրանց վերաբերող հարցերի լուծումները ձգձգվում են, չնայած բոլորն անընդհատ խոսում են այդ մասին և անգամ Արթուր Վանեցյանն էր նշել, որ որևէ պաշտոն ունենալու դեպքում` անձնական կապերը գործի դնելով, կարող է լուծել այդ հարցը: Ի՞նչ պետք է անի իշխանությունն այսօր այդ ուղղությամբ:

-Ես գիտեմ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանյան ներկայացուցիչը շատ ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ: Իհարկե, նաև խորհրդարանական դիվանագիտության ասպեկտում ևս աշխատանք տարվում է, դրան գումարած նաև վարչապետի աշխատակազմն է ջանքեր գործադրում օր առաջ գերիներին վերադարձնելու համար, բայց, եթե կարճ ասեմ, իշխանության քայլերը բավարար չեն: Մյուս կողմից ներքաղաքական իրադարձություններն էլ, այո, կարող են դանդաղեցնել այդ գործընթացը, բայց միայն այդ պատճառաբանությամբ առաջնորդվել, կարծում եմ, որ տեղին չէ ու բարոյական էլ չէ: Իշխանությունը օր ու գիշեր պետք է ջանք չխնայի, որպեսզի մեր հայրենակիցները լինեն հայրենիքում ու սա անելու համար չպետք է պատճառներ բերել կամ ինչ որ բացատրություններ տալ: Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը, այն բոլոր իմաստներով դատապարտելի է: Խնդրի շահարկումը որևէ քաղաքական շրջանակի կողմից անթույլատրելի է: Առաջինը, եթե իրականությունն այդպիսին, է ինչպես նկարագրում է պարոն Վանեցյանը, ապա ինչու՞ մեր եղբայրները դեռ հայրենիքում չեն: Երկրորդ, եթե ԱԱԾ նախկին տնօրենը վստահ է այդ հարցում, ինչու՞ այսօր չի զբաղվում տղաներին վերադարձնելու գերկարևոր խնդրով: Մի՞թե դրա համար պետական պաշտոն կամ իշխանություն է պետք, եթե նա նկատի ունի անձնային կամ անհատական որոշ կապեր կամ խողովակներ, որոնց օգնությամբ կարող է գերիների հարցը լուծել:

-ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին օրերին մի քանի  հայտարարություններով հանդես եկավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Առաջին նախագահի քաղաքական վարքը ինձ զարմանք չի պատճառում, ավելին՝ ես զարմանում եմ, որ որևէ մեկը կարող էր մտածել, որ երկրի առաջին ղեկավարը պետք է չտիրապետի պետության ներքին ու արտաքին մարտահրավերներին կամ որ եթե նա հրապարակային որևէ բան չի ասում, ուրեմն քաղաքականությունից հեռացել է կամ նման բան: Լևոն Տեր-Պետրոսյանը իրական պետական գործիչ է, նա գիտի երբ, ինչ ու ինչպես ասել ու ամենակարևորը ինչու հայտարարել այս կամ այն բանը: Որպես քաղաքագետ առաջին նախագահի վերջին հայտարարությունները գնահատում են որպես լրջագույն սթափեցնող ազդակ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը և առհասարակ մեր ժողովրդին: Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ունենք լրջագույն ներքաղաքական ճգնաժամ, որի խաղաղ կարգավորման համար պետք է հավաքականորեն դրսևորվենք խոհեմություն ու հանդուրժողականություն:

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս եւ ի՞նչ ուղղությամբ են դրանք ընթանում։

-Պատերազմից հետո հայ-ռուսական օրակարգը բնականաբար կերպափոխում է ապրել։ Նկատի ունեմ այն անվտանգային համակարգը, որում Ռուսաստանի հետ գործակցում է մեր երկիրը, այլևս առաջվանը չէ և պետք է նոր լուծումներ ու մեխանիզմներ՝ դրանք զարգացնելու ու արդիականացնելու համար: Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն նորովի վերակառուցման, հաշվի առնելով պատերազմի արդյունքում թողած բացասական հետևանքները հայկական բանակի և ընդհանուր առմամբ մեր անվտանգային ողջ համակարգի վրա: Այս տեսանկյունից, կարծում եմ, իրապես ժամանակն է վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունները և այն կառուցել բացառապես հայկական ազգային ու պետական շահի համատեքստում: