Բացել լրահոսը Փակել լրահոսը
159969784_2955287201418233_6546079011909863542_n
A A
Պաշտոնական

Ինչու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարվածի տակ․ Անի Սամսոնյանի գրառումը

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԻՆՉՈՒ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճը ֆինանսավորումը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրվում են պաշտպանի գործունեության երաշխիքները՝ այդ թվում սոցիալական և ֆինանսավորման։

Օրենքում նշված է ՝ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։

Ինչով է սա կարևոր։

Քանի որ գրասենյակը ֆինանսավորվում է պետբյուջեից, օրենսդիրը նպատակ է ունեցել միևնույն ժամանակ այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ Կառավարությունը չմիջամտի գրասենյակի անկախությանը, կիրառել ազդեցություն կամ գործադրել ճնշումներ։

Ինչ է անում հիմա ՀՀ Կառավարությունը։

Կառավարությունը որոշել է, որ ՄԻՊ գրասենյակին պաշտպանող այս սահմանադրաիրավական երաշխիքը պետք է վերացնել և ներկայացրել է նախագիծ, որ այդ դրույթը հանի օրենքից։

Ստացվում է, որ այսուհետ Կառավարությունը պետք է հայեցողաբար որոշի, թե որքան գումար է հատկացնելու ՄԻՊ գրասենյակին։ Դա դառնալու է հիանալի գործիք Մարդու իրավունքների պաշտպանին ճնշելու նպատակով։ Վերանալու է գրասենյակի անկախությունը, ինստիտուտը քանդվելու է։

Այսպիսով, կարող ենք անել երեք հետևություն առ այն, որ իշխանությունը․

1. Չի հանդուրժում Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և նպատակ ունի սահմանափակել այն։
2. Չի գիտակցում, որ վերացնելով օրենքում սահմանված այս երաշխիքը, վտանգի տակ է դնում ինստիտուտի գոյությունը։
3. Ենթադրենք հանդուրժում է ՄԻՊ անկախությունը, գիտակցում է փոփոխության հետևանքները, բայց գնում է այս քայլին՝ չգնահատոելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը մեր պետության անվտանգության, ժողովրդավարության և հանրային բարօրության համար։

Երեք դեպքում էլ իշխանությունը անդառնալի վնասարարությամբ է զբաղված։

Չգիտեմ, միգուցե վերջին տարիներին ՄԻՊ ազդեցության և վստահությանը աճը իշխանությանը անհանգստացնու՞մ է։

Եթե չի անհանգստացնում, ուրեմն այս օրենքը Ազգային ժողովում մեծամասնության իշխանական պատգամավորները կմերժեն՝ ապացուցելով ինստիտուտի նկատմամբ հարգանքը և կարևորության զգացումը։

Հարգանքով՝
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի հանձնաժողովի
նախագահի տեղակալ
Անի Սամսոնյան»։