Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զգուշացե՛ք այն տականքներից, որ ասում են՝ կուսակցությունը վատ բան է․ Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

«Հայաստանում ևս կարող են ճգնաժամեր լինել, ինչպես աշխարհի բոլոր երկրներում սակայն ինձ ծանոթ չէ աշխարհում քաղաքական ճգնաժամի այսքան տևական պահպանություն՝ առանց գործնական քայլերի», - ասում է  Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։

Ըստ նրա՝ ճգնաժամը հաղթահարելու երկու մոտեցում կա, առաջինը՝ սահմանադրական և մնացյալ վիճահարույց հարցերի պատասխանները գտնելն է, մյուսը՝ «ես վատն եմ, ես պետք է քո փոխարեն լինեմ, մենք ենք այլընտրանքը»․

«Երկու հիմնական մոտեցում կա՝ քաղաքագիտական և զոռբայական։ Մեր՝ 7 կուսակցությունների մոտեցումն այն է, որ մեր ճգնաժամը սկսվել է 2015 թվականի պարտադրված սահմանադրությամբ։ Մենք, տեղյակ լինելով, որ Ազգային ինքնորոշում միավորման ներկայացրած բացարձակ ժողովրդավարության նախագիծը 2014թ․ պարտակվել է, հարկ համարեցինք ճգնաժամի լուծման ճանապարհին անդրադառնալ այդ փաստաթղթին։ Մենք մեկ ամիս առաջ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին նորից ներկայացրինք այդ նախագիծը՝ նշելով, որ նախկինում հանցագործություն է կատարվել ՀՀ քաղաքացիների նկատմամբ», - ասաց Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ փետրվարի 9-ին ժամկետն ավարտվել է և օրենքով նախատեսված պատասխանը դեռևս չեն ստացել։ Մտածում են՝ մեկ անգամ էլ դիմել Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին և բարձրաձայնել խնդիրը։

7 կուսակցությունները՝ «Ժառանգությունը», ԱԻՄ-ը, «Պահպանողական» կուսակցությունը, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հայքը», «Հայ կառուցողական» կուսակցությունը և «Հայրենիք և պատիվ կազմակերպությունը», համակարծիք են, որ այս իշխանություններն իրենց չարդարացրին և պետք է հրաժարական տան։

Պարույր Հայրիկյանը նշեց՝ ուրախ է, որ այսօր ներքաղաքական հարցերը չեն լուծվում բռնությամբ և չեն հասնում անիշխանական մակարդակի ընդհարումների․

«Ամենավատը նախադեպեր ստեղծելն է։ Մեր հակառակորդն էլ կկամենա, որ մեր երկրի ներսում քաղաքական հարցերը լուծենք ոչ թե քաղաքական ճանապարհով, այլ քրեական դրսևորումներով։ Քրեականին հավասարազոր է նաև լակոտությունը, որ արմատավորվում է բոլորի մեջ։ Իրենք կուսակցական են, բայց խոսում են կուսակցությունների դեմ։ Կոչ եմ անում բոլոր ազնիվ քաղաքացիներին՝ զգուշացե՛ք այն տականքներից, որ ասում են՝ կուսակցությունը վատ բան է։ Կուսակցությունը ազգը տարբեր կողմերով է ցույց տալիս, բայց այն պառակտող երևույթ չէ», - ասաց նա։

Մարտի 16-ին լրանում է 1921թ․ Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակը և Պարույր Հայրիկանի խոսքով՝ անմիջական կապ կա այդ պայմանագրի և այսօրվա իրավիճակի մեջ։

«ՀՀ բոլոր քաղաքացիները, որ կարծում են՝ ազգի ճակատագիրը նաև իրենցից է կախված, պետք է հասկանան, որ այդ պայմանագրով այսօրվա Հայաստանից 6 անգամ մեծ Հայաստանն անէացավ։ Ես կոչ եմ անում, որ քաղաքացիները մարտի 16-ին գնան Ծիծեռնակաբերդ և ծաղիկ դնելով ազդարարեն, որ սա ապրիլի 24-ի հետ անմիջական կապված երևույթ է և դրանով ազդեն նաև Ռուսաստանի մտածող կողմի վրա։ Քանի որ ցեղասպանությանը մասնակցել են նաև բոլշևիկ ռուսները, պայմանագիրը չեղարկելը միայն մեր խնդիրը չէ, նաև Ռուսաստանի խնդիրն է», - ասաց նա։