Եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, առաջիկա 7 օրերին կարող է գրանցվել Covid-19-ի 3700 վարակման նոր դեպք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամաճարակային իրավիճակը Հայաստանում ներկայումս կարելի է համարել խիստ լարված, քանի որ վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ աճ։
«Վերջին 14 օրվա տվյալներով՝ նախորդ 14-ի համեմատությամբ, ունենք վարակվածների 91%-ի աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից», - ասում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով՝ եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, առաջիկա 7 օրերի ընթացքում կարող է գրանցվել 3700 վարակման նոր դեպք։ Հայաստանում մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք, արվել էր 4285 թեստ։
Այս պահին անգամ երեխաների շրջանում դեպքերի կտրուկ աճ է գրանցվում․
«3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1․17 անգամ, 6-8 տարեկանների շրջանում՝ 3․3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1․42 անգամ», - ասաց Ռոմելլա Աբովյանը։
Վերջին շրջանում համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում, ասաց նա։ Եթե տնտեսվարող կազմակերպությունները, բնակչությունը պահպանեն անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի։ Սակայն եթե դեպքերը շարունակվեն աճել, չի բացառվում, որ նոր սահմանափակումներ լինեն։
Դիմակների կրելը որպես արդյունավետ միջոց, մասնագետի խոսքով, գիտականորեն արդեն ապացուցված է։ Հայաստանում դիմակ կրելու պարտադիր պահանջը հունիս-հուլիս ամիսներին նվազեցրել էր նոր դեպքերի թիվը 2․8 անգամ։
«Անվտանգության միջոցառումները նորություն չեն, ընդամենը պետք է մաքուր պահել ձեռքերը, պահել 1․5 մետր հեռավորություն և դիմակ կրել», - ասաց նա։
Շատերը զգոնությունը կորցնում են, քանի որ արդեն վարակվել են և մտածում են՝ այլևս չեն վարակվի, նշեց մասնագետը, սակայն մի շարք գիտական հետազոտություններ բացահայտել են, որ հակամարմինները կարող են պահպանվել մինչև 8 ամիս, սակայն այդ ամիսները պայմանավորված են մարդու առանձնահատկություններով․ մեկ անձի մոտ կարող է մինչև 8 ամիս պահպանվել, մեկ այլ մարդու մոտ՝ մեկ ամիս։
«Եթե մարդը վարակվել է արդեն, նա եւս կարող է պատվաստվել։ Հիմնականում պատվաստման քանակի խնդիր կա, և դա է պատճառը, որ բոլոր երկրները առաջնահերթ պատվաստում անում են ռիսկային խմբերում։ Բայց եթե հասանելի լինի բոլորին, վարակված-լավացած անձը կարող է պատվաստվել», - ասաց Ռոմելլա Աբովյանը։
Ի դեպ, Հայաստանում՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողների շրջանում կամավորության հիմունքներով մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Կառավարության նիստից հետո եւս ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւս անդրադարձել է պատվաստումներին՝ ընդգծելով պատվաստումները փոքր քանակով սկսվել են բուժաշխատողների շրջանում, նոր խմբաքանակ առայժմ չեն ստացել։ Ռուսաստանը տարեսկզբին նվիրել էր Sputnik V պատվաստանյութ` 2000 դոզա՝ 1000 հոգու համար:
«Ես դեռևս չեմ պատվաստվել, քանի որ ռիսկային խմբում չեն, սակայն իմ հարազատներից շատերը, որոնք ռիսկային խմբում են, միանշանակ կպատվաստվեն», - ասաց նախարարը։