Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը վարվեց, ինչպես Պիղատոսը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Արմեն Սարգսյանը վարվեց, ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է»,- այսօր խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը շարունակում է փակ պահել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների՝ Ազգային ժողովին հարակից հատվածները։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այն, ինչ կարող էր Արմեն Սարգսյանն իրականացնել ընդամենը մեկ օր առաջ՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ փաստաթուղթը ՍԴ ուղարկելով, չի արել, այլ փորձել է ձեռքերը լվանալ, ու հիմա էլ «ամպագորգոռ» հայտարարություններ է անում, թե դիմել է դատարան՝ օրենքի դրույթը վիճարկելու հետ կապված․

Մինասյանը համոզված է՝ այս  լարված իրավիճակում նախագահի այս քայլը չի կարող հանգուցալուծում տալ․

«Այս դիմումը նախ պետք է ՍԴ-ում քննարկվի՝ աշխատանքային կարգով, ապա պետք է օրենքի դրույթը կասեցվի, բայց այն, ինչ անում է Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին, պետությանը տանում է բացահայտ անկման»։ 

Ընդդիմության ներկայացուցիչը պնդում է՝ ԶՈւ ԳՇ-ն՝ որպես ԶՈւ ղեկավար մարմին, միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու պաշտպանությունը։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ԶՈւ ԳՇ-ն չի կարող պետության անվտանգությունը ստորադասել մեկ անձի քմահաճույքին, ուստի Մինասյանը պնդում է՝ Օնիկ Գասպարյանն ու բարձր սպայական կազմը պետք է մնան իրենց դիրքերում և կարողանան խնդրի հանգուցալուծումը տեղափոխել քաղաքակիրթ ճանապարհ․

«ԶՈւ բոլոր զորքերի օպերատիվ հրամանատարությունը ներկայումս գտնվում է ԳՇ իրավասության ներքո, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և  քաղաքական իշխանությունը պարտավոր են  հաշվի նստել այս իրավիճակի հետ և փորձեն լուծումներ գտնել։ Այդ լուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, բայց մենք տեսնում ենք, որ նա չի փորձում լիցքաթափել իրավիճակը, այլ անընդհատ փորձում է բախումներ հրահրել։ Եվ հետագա պատասխանատվությունը ողջ գործողությունների համար Նիկոլ Փաշինյանի վրա է»,- ասաց նա։

Իրավական տեսակետից տարբեր գործողություններ կան, ասում է Մինասյանը և հավելում, որ այս պահին քաղաքական բոլոր գործընթացները ածանցվում են երկրի անվտանգության հարցից, իսկ երկրի անվտանգությունը պահանջում է Օնիկ Գասպարյանի և բարձրագույն հրամանատարական կազմի անխոչընդոտ աշխատանքը և իրենց պաշտոններում մնալը։