Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահե
A A
Տնտեսություն

100 ձեռնարկություն արդեն փակվել է․ նոր սահմանափակումներին հանրային սննդի ոլորտը կարող  է չդիմանալ

   Կորոնավիրուսային հիվանդացության  դեպքերի  աճը  պետք  չէ  կապել հանրային սննդի  ոլորտի հետ․  Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը խորհուրդ է  տալիս եւ խնդրում Առողջապահության նախարարությանը՝ նոր սահմանափակումներ հայտարարելու  պարագայում թիրախները ճիշտ  ընտրել։

«Մենք համարում ենք, որ  նոր խստացումների հետ կապված որոշակի խոսակցությունները ճիշտ ուղղությամբ չեն, որովհետեւ   մեր ոլորտը   չի այն աղբյուրը, որից ծագում են  թվերը»,- ասում է  նա եւ հիմնավորում․  նախորդ ամիսներին թվերը չեն աճել, իսկ այս ոլորտում շարժը մնացել է նույնը, ինչպես  չորս ամիս առաջ։  Դեռ ավելին՝ որպես կանոն հունվար-մարտ ամիսներին ամենաքիչ շարժն է արձանագրվում  հանրային սննդի ոլորտում։ 

Վահե  Գեւորգյանի բառերով՝ հանրային սննդի ցանկացած նորմալ օբյեկտ պահպանում է հակահամաճարակային կանոնները։   Աղբյուր, ըստ նրա, կարող են լինել բազմահազարանոց հանրային միջոցառումները, որտեղ, ակնհայտ է, հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում։

   Հնարավոր սահմանափակումների վերաբերյալ  ցանկացած հայտարարություն հանրային սննդի ոլորտը անհանգստությամբ է ընդունում։  Կորոնավիրուսային սահմանափակումների «զոհերից» մեկն իրենք են՝  խոսուն ցուցանիշներով։

«Մոտավոր տվյալներով՝  հանրային սննդի ոլորտում, որը ներառում է  ռեստորանները, սրճարանները,  արագ սննդի կետերը, անկումը քառասուն  տոկոսի կարգի է՝  2019թ-ի համեմատ»,- ասում է   Ռեստորանների հայկական միության նախագահը։  

Ըստ նրա՝  մոտ 100  ձեռնարկություն փակվել է, մոտ 1000-ը ժամանակավորապես  կասեցրել են իրենց գործունեությունը։   Դրանց մի մասը սահմանափակումների թուլացումից հետո դեռ չի վերաբացվել։ 

2019թ․-ին ռեստորանային ոլորտի տարեկան շրջանառությունը կազմել  էր մոտ 200 միլիարդ դրամ, 2020թ-ին՝ մինչեւ  65 միլիարդ դրամ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝  2020թ-ին՝  նախորդ տարվա համեմատ՝ կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում  45 տոկոսի անկում է արձանագրվել․ եթե  2019թ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում  ծավալը եղել է  193․917․7 մլն․ դրամ, ապա 2020թ.-ին՝   108․245․1 մլն. դրամ։

 Հանրային սննդի ոլորտում եկամուտների մի մասը գոյանում է զբոսաշրջիկների ծախսած գումարներից։ Ըստ  վիճակագրական տվյալների՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 375 216դրամ, նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 80 %:

Անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերով աջակցությանը՝  Վահե Գեւորգյանը նկատում է՝  այն ավելի արդյունավետ կլիներ, եթե  հաշվի առնվեին հարկերի մասով իրենց առաջարկները  եւ  թիրախավորված լիներ աջակցությունը։ Այդ  դեպքում, ըստ նրա, աջակցությունից չէին օգտվի այլ ոլորտների այնպիսի ընկերություններ, որոնք մեծ վնասներ չէին կրել։

«Ասել, որ որեւէ բան չի արվել, դա ճիշտ չի լինի, բայց հատվածային էր։ Երբ տրամաբանական մեկ ընդհանուր շղթայի մեջ  է,  այդ դեպքում է ամենամեծ արդյունավետությունը»,- ընդգծում է նա։

  2020թ օգոստոսին կառավարությունը որոշեց  օժանդակել  հանրային սննդի  բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում՝ տրամադրելով աշխատավարձային ֆոնդի մոտ 33  տոկոսը։  Շահառու հանդիսանալու ժամանակահատվածը մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ  էր, բայց․․․

 «Հունվար, փետրվար, մարտ ամիսների  համար այն չի վճարվել, մինչդեռ դա կառավարության հետ համաձայնեցված էր, իսկ սրանք ոլորտի համար դեռ ծանր ամիսներ են, քանի որ շարժը քիչ է»,- ասում  է  Վահե Գեւորգյանը։  

 էկոնոմիկայի նախարարությունից այդպես էլ չհաջողվեց պարզել՝  ո՞րն է չվճարելու պատճառը եւ արդյո՞ք 2021թ բյուջեում իրենք այդ գումարը նախատեսել էին,որպեսզի ՊԵԿ-ը կատարի վճարում։ 

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից (ուր ուղղորդեցին Էկոնոմիկայի նախարարությունից)   հայտնեցին, որ  23-րդ  միջոցառման շրջանակներում փոխհատուցման ծավալը 2020թ հուլիս–դեկտեմբեր ամիսների համար կազմել է շուրջ 3.5 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամը փոխհատուցվել է  անցած տարի, իսկ 1.1 մլրդ դրամը փոխահատուցման ենթակա է 2021 թվականի ընթացքում։

Գրավոր պատասխանում այդպես էլ չկային՝  այդ գումարից  որքա՞նն  է տրամադրվել հանրային սննդի ոլորտի  համար եւ  ինչքա՞ն է նախատեսված 2021թ հունվար-փետրվար ամիսների համար,  ինչո՞ւ փոխանցում չի եղել՝ հարցերի պատասխանները։  Կոմիտեից պարզապես տեղեկացրեցին՝  նախատեսվում է մշակել Միջոցառման գործողության ժամկետը մինչև 2021 թվականի հունիս ամիսը երկարաձգելու վերաբերյալ նախագիծ։

 

20210309_113326-1.jpg (1.15 MB)

Չնայած  համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամին՝   այս ընթացքում Երեւանում  հանրային սննդի  կազմակերպման նոր օբյեկտներ են բացվել։

Դրանցից մեկի՝ ընդամենը փետրվարից գործող InTempo-ի տնօրեն Անի Հովակիմյանն ասում է, թեեւ որպես նորաստեղծ ընկերություն հաշվի են առել առկա մարտահրավերները, բայց եւ այնպես դժվարությունները շատ ավելին են։

Իհարկե, կարող են շրջանառության հարկի համակարգի շրջանակներում օգտվել հնարավորություններից, երբ  «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 6% դրույքաչափով և օրենսգրքով սահմանված կարգով կատարվում  են նաև համապատասխան նվազեցումները»։

Բայց, ինչպես Անի Հովակիմյանն է  նշում, շատ դժվար է հասնել նվազեցման այդ շեմին․ «Դու բանջարեղենը գնում ես շուկայից, այնտեղ  քեզ չեն տրամադրում որեւէ թուղթ։  Եթե  դու գտնում ես ընկերություն, որ քեզ տրամադրում է հարկային հաշիվ, գին է բարձրացնում, որովհետեւ ինքն էլ է հարկ  վճարում,  եւ․․․ընկնում ես երկու քարի արանքը՝, որովհետեւ չգիտես, որ կողմը գնաս   հարկդ նվազեցնես, թե ավելի բարձր եկամուտ ստանաս»,-ասում է Անի Հովակիմյանը։

Իսկ ամեն մի լումայի մասին, հատկապես կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների շրջանում, ավելի շատ պետք է մտածել։ Եթե  չլիներ կորոնավիրուսը, կկարողանային ավելացնել սեղանների թիվը եւ սպասարկել հարյուրից ավելի այցելուի, իսկ հիմա վաթսունից ավելի չեն կարող։

Իսկ ինչո՞ւ  սննդի օբյեկտներ չեն բացվում ծայրամասերում, որտեղ վարձակալության գումարներն ավելի  ցածր են։

 «Կարծես  մշակույթ է՝  մարդիկ  սովոր են  գալ  կենտրոն՝ ժամանցի համար։ Ունեցել եմ փորձ՝ ծայրամասում մասնաճյուղ ունենալու, որի շարժը համեմատելու չէ կենտրոնի շարժի հետ։ Շատ քիչ է, մինչդեռ,  կապ չունի որտեղ ես տեղակայված, դու  ձեռք ես բերում մթերքը նույն  գնով, իսկ  չես կարող  ծայրամասում վաճառել այն գնով, ինչով վաճառում ես Հյուսիսային պողոտայում կամ Կասկադում»,- ասում է Անի Հովակիմյանը։

Ընդամենը մի քանի րոպեն բավական է՝ հասկանալու, որ երեւանյան սրճարաններում կա գների աճ։

«Բագետ ընդ գո» խանութ-սրճարանի համահիմնադիր Արտյոմ Չաքմիշյանն ասում է՝ իրենք հինգից յոթ տոկոս են բարձրացրել գները, թեեւ շուկայում   թանկացել են ձուն, կարագը, կաթը, այլ մթերքներ։     

«Առաջին պատճառը՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման արդյունքում  10-12  տոկոս  ինֆլյացիա է եղել, քանի որ ամեն ինչը բերովի է։ Տնտեսվարողներից շատերը 12 տոկոս ինֆլյացիայի պարագայում 15 տոկոս են թանկացրել մթերքը, որպեսզի   հետագա  ինֆլյացիայի դեպքում  նորից  գին չթանկացնեն։ Գումարած  տրանսպորտն է  թանկացել, եթե առաջ Իտալիայից բեռնափոխադրում իրականացնելիս  մեկ պալետի արժեքը 200  դոլար էր , հիմա 480-500 է։Նույնը՝ Ֆրանսիայի  եւ մյուս երկրների   դեպքում է »,- ասաց նա։

Թանկացումներն, ըստ նրա,  ակնառու դարձան վերջին 15-20 օրվա ընթացքում, երբ պահեստներում հին ապրանքն արդեն  ամբողջովին սպառվել էր։

Հանրային սննդի ոլորտի  նախկին  ծավալների  վերականգնումը այնքան էլ հեշտ չի լինելու։ Կորոնավիրուսից  ավելի, Արտյոմ    Չաքմիշյանի կարծիքով, պատերազմն ազդեց այցելուների քանակի վրա։

«Պատերազմից  հետո մարդիկ ավելի պակաս ակտիվություն են ցուցաբերում , կարծես խուսափում են,  բայց քիչ-քիչ այդ նեգատիվ տենդենցը մարում է։ Կյանքը  շարունակվում է, ինչքան էլ ծանր է հարվածը,- ասում է նա,- Բոքսի հետ կարելի է համեմատել,  նոկդաուն էր,  ընկել ենք, բայց  բարձրացել ենք, պիտի առաջ գնանք, ուժեղանանք»։ 

Կարինե Ասատրյան