Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան նաեւ աշխարհի չեմպիոն

Սպորտ

Հարավաֆրիկակակ Հանրապետությունում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: Երկրագնդի չեմպիոնի կոչումը նվաճեց Իսպանիայի հավաքականը:

Եզրափակիչ խաղում Եվրոպայի գործող չեմպիոնները լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեցին Հոլանդիայի ազգային թիմին: Ոսկե գոլը 116-րդ րոպեին խփեց Իսպանիայի ընտրանու կիսապաշտպան Անդրեաս Ինյեստան:

Այդպիսով, Իսպանիայի հավաքականը առաջին իսկ փորձից նվաճեց ՖԻՖԱ-ի գավաթը, իսկ հոլանդացիները երրորդ անգամ անհաջողության մատնվեցին եզրափակիչ խաղում (առաջին երկուսը 1974 եւ 1978 թթ):

Առաջնությունում 3-րդ տեղը գրավեց Գերմանիայի ընտրանին, որը «փոքր եզրափակիչում» 3:2 հաշվով պարտության մատնեց Ուրուգվայի հավաքականին: Սակայն հարավամերիկացիներն առանց մրցանակի չվերադարձան հայրենիք: Մրցաշարը լուսաբանող լրագրողները առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանին, ում կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը:

Իսկ լավագույն ռմբարկուին հասանելիք «Ոսկե խաղակոշիկը» բաժին հասավ Գերմանիայի ընտրանու հարձակվող Թոմաս Մյուլլերին, որն իր անվան դիմաց գրանցեց 5 գոլ (նույնքան գոլեր են խփել նաեւ Ֆորլանը, իսպանացի Դավիդ Վիլյան եւ հոլանդացի Վեսլի Սնայդերը, սակայն նրանք ավելի քիչ գոլային փոխանցումներ են կատարել, քան Մյուլլերը): Նա միաժամանակ ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ խաղացող: Մրցաշարի լավագույն դարպասապահ հռչակվեց Իսպանիայի հավաքականի դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլյասը, ով արժանացավ Լեւ Յաշինի անվան մրցանակին:

 

Վերջում հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի հաջորդ, 20-րդ առաջնությունը, տեղի կունենա 2014 թվականին, Բրազիլիայում: