Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը». ցուցահանդես՝ նվիրված կանանց միջազգային օրվան (տեսանյութ)

Երևանի պատմության թանգարանի այս տարվա ցուցահանդեսների ծրագրում առանձնահատուկ տեղ է տրված մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվան։ Ցուցահանդեսը անցկացվում է «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը» խորագրով՝ ներկայացնելով կնոջ դերն այդ տարիների տնտեսական զարգացման և արդյունաբերության մեջ։

Ցուցահանդեսին ներկայացված են 450-ից ավելի ցուցանմուշներ, որոնք, թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով, իրենց պարբերաբար նվիրել են հենց արտադրողները․

«Քանի որ մենք ունեինք հարուստ հավաքածու խորհրդային շրջանի արտադրանմուշներից, հենց տարեսկզբից որոշվեց, որ ներկայացնենք հանրությանը։ Հատկապես, որ այսօրվա երիտասարդությունն այնքան էլ ծանոթ չէ խորհրդային Երևանի տնտեսությանը և դրանում կնոջ դերին», - ասաց Արմինե Սարգսյանը։

Բազմաձև կոշիկներ, հագուստներ, մետաքսե շարֆեր, ծխախոտներ, գորգեր և տարատեսակ սպասք ու բազմաթիվ այլ իրեր են ցուցադրված թանգարանում, որոնք տարբեր արտադրամասերում պատրաստվել էին միայն կանանց ձեռքերով։

Անմիջապես կանանց վերաբերող մեկ այլ ցուցադրություն զուգահեռ կլինի Երևանի պատմության թանգարանում։ Մոսկվայի նկարիչների միության անդամ, Ֆիզմաթ դպրոցի գրադարանավարուհի Օլգա Հակոբյանը ներկայացնում էր իր պատրաստած նոր զարդերը․

«Արդեն 20 տարի է՝ տարբեր ցուցահանդեսներ եմ անում։ Երևանի պատմության թանգարանում արդեն չորրորդ անգամ է։ Սկզբում, երբ այս ցուցահանդեսի հրավերը ստացա, այնքան էլ չէի ուզում, քանի որ նոր էի եկել Մոսկվայի ցուցահանդեսից և հոգնած էի։ Բայց երբ տնօրենն ասաց, որ հրավիրատոմսերը բաժանելու են զոհված զինվորների մայրերին և քույրերին, արդեն նույն րոպեին համաձայնեցի»։

Իր ձեռքի աշխատանքները Օլգա Հակոբյանը չի վաճառում և նվիրում է շատ հազվադեպ, ասում է՝ եթե սկսեմ վաճառել և անընդհատ նվիրել, ցուցադրությունների համար ոչինչ չի մնա։

Երևանի պատմության թանգարանում ցուցահանդեսը բաց կլինի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը։