Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում պատգամավորների տների մոտ նրանց նկարներով ծաղկեպսակների ու դագաղների տեղադրումը

Այն, որ արատավոր երևույթներ են տեղի ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված: ֆբ-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված` արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»:
 
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված:
 
Նշվածը Մարդու իրավունքների պաշտպանը նույն սկզբունքով անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.:
 
Մասնավորապես, այդ ժամանակ է Պաշտպանը նաև նշել, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը:
 
Այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում:
Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով»,- գրել է Արման Թաթոյանը։