Խոշտանգման գործով դատական նիստը չի տեսանկարահանվի, դատավորն արգելեց
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին եւ նրա մտերիմ Վլադիմիր Օհանյանին խոշտանգելու մեջ մեղադրվող Տիգրան Ավանեսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել է նաեւ մեկ միլիոն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
Պաշտպանական կողմը մյուս երկու ամբաստանյալների՝ Նարեկ Բարսեղյանի եւ Գրիգոր Մխիթարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություններ է ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն այդ գործով դեռ որոշումներ չկան։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։
Խոշտանգումից հետո Արմեն Ղազարյանը ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Նա ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ փորձել էր պարզել, թե ինչու են իր ծանոթին բերման ենթարկում։ Խոսքը կենցաղային մի պատմության մասին է: Նոր Նորքի ոստիկաններից մեկի կինը տոնական փուչիկներ էր վաճառել Վլադիմիր Օհանյանի կնոջը, վերջինս դժգոհել էր ծառայությունից։
Բուն գործն արդեն դատարանում է։ Այսօր դատարանում հետազոտվեցին գործում առկա ապացույցները։ Իսկ դատական նիստին պաշտպանական կողմն առարկեց տեսանկարահանման դեմ։ Նրանք պատճառաբանեցին, որ անձնական կյանքին վերաբերող հարցեր կան։ Թեեւ տուժող կողմի ներկայացուցիչը եւ դատախազը չառարկեցին, սակայն դատավոր Աննա Մաթեւոսյանը արգելեց այն՝ թույլատրելով դատական նիստն առանց տեսանկարահանման լուսաբանել։