Բացել լրահոսը Փակել լրահոսը
156695562_750774728883882_5252204070573337163_n
A A
Տնտեսություն

250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ

Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրել է․

Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է, այն ինչ Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը արդեն պետք է կառուցված լիներ և ապահովեր 1000 նոր աշխատատեղեր։

Լրագրողը` հղում անելով նախագծի հիմնավորումներին, գրում է, որ նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետ ֆիքսված չէ։  

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծում ՋԷԿ-ի շահագործման ամսաթիվը նշված է։

Այսպես, մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը 16-րդն է, որին կա կցված 4 փաստաթուղթ։ Նախագծում նշված է, որ որոշվում է հավանություն տալ համաձայնագրում փոփոխություններ կատարելուն՝ համաձայն հավելվածի։ Հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ կետն էլ իր հերթին սահմանում է՝ «Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակել 2021 թվականի օգոստոսի 24-ը:

Մենք կապ հաստատեցինք նաև «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևի հետ։ Վերջինս նշեց, որ ներդրումային ծրագրի անժամկետ հետաձգման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

 

«Կորոնավիրուսային համաճարակով, պատերազմական իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված խաթարվել էր Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորությունը և մեր բնականոն աշխատանքը։ Այս ամենը հաշվի առնելով առաջարկել ենք փոքր-ինչ երկարաձգել ժամկետները, սակայն ՋԷԿ-ը, ինչպես և նախատեսված է, 2021 թվականին սահմանված ժամկետներում հանձնվելու է շահագործման»- ասաց Գեղամ Բակլաչևը ։