Բացել լրահոսը Փակել լրահոսը
1045199
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը համառոտ ներկայացրել են «Էս-Ջի-Էս» (SGS) կազմակերպության գործունեությունը և նշել, որ այն հանդիսանում է աշխարհում ստուգման, զննման, վերահսկողության և հավաստագրման առաջատար ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 2500 մասնաճյուղեր և լաբորատորիաներ ամբողջ աշխարհում:

Նախարարին տեղեկացվել է, որ SGS ընկերության աշխատանքային ոլորտը բավականին ընդարձակ է՝ հանքարդյունաբերությունից մինչև տեքստիլ, սնունդ, խմիչք, դեղամիջոցներ և այլն: Ընկերությունը տրամադրում է ինչպես որակի, այնպես էլ քանակի, թե՛ միջազգային և թե՛ պետական չափանիշներին համապատասխանելիության հավաստագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը, ՀՀ տարածքում և արտերկրում բեռնման և բեռնաթափման կետերում ապրանքի ստուգման ու վերահսկողության իրականացմանը, մաքսային ընթացակարգերի և ձևակերպումների դյուրացմանը, ինչպես նաև մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրմանն առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է եղել կազմակերպության կողմից Հայաստանում ներդրումների իրականացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան լայնածավալ փորձագիտական ծառայությունների մատուցման հնարավորությանը։