Բացել լրահոսը Փակել լրահոսը
157053162_1342936809420167_248814149549142693_o (1)
A A
Պաշտոնական

Հրապարակային հերքեք Ձեր՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը․ Սյունիքի մարզպետարանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին․


Հարգելի՛ տիկին Զոհրաբյան
Մարտի 2-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել եք, թե «Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներից մեկը՝ կին, զանգահարել է Ձեզ ու ասել, որ պարտադրում են գալ ու ոչ միայն գալ, այլեւ իրենց հետ բերել ազգականներին ու մասնակցել մարտի 1-ի՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին»։ Ու իբր թե զանգահարողն ասել է․ «Հանգիստ եղեք, գալու ենք իրենց տրամադրած փոխադրամիջոցով, բայց միանալու ենք այլ հանրահավաքի»։
Տիկի՛ն Զոհրաբյան, փորձելով հասկանալ Ձեր արած հայտարարության սկզբնապատճառները, գալիս ենք եզրակացության․ կա՛մ, իրոք, ինչ-որ մեկը զանգահարել է Ձեզ ու միտումնավոր սուտ տեղեկություն հայտնել, որն էլ հանրայնացրել եք, կա՛մ ինքներդ եք խեղաթյուրում իրականությունն ու կեղծ, գոյություն չունեցող փաստերի մասին հայտարարում։

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետարանի որեւէ աշխատակից այդ օրը հանրահավաքի մասնակցելու հրահանգ չի ստացել, մարզպետարանն այդ նպատակով որեւէ փոխադրամիջոց չի տրամադրել, աշխատակիցներ ու նրանց մերձավորներ չեն տեղափոխվել Երեւան, մարզպետարանի աշխատակիցներն այդ նպատակով աշխատանքից չեն բացակայել մարտի 1-ին։

Ուստի, պահանջում ենք՝ կա՛մ Ձեր խոսքերն ապացուցելու համար նշեք անուն, հեռախոսահամար, որպեսզի ճշտենք, թե զանգն ումից եք ստացել ու ով է զրպարտել մարզպետարանին (իհարկե, անձնական տվյալները մեզ ներկայացրեք ոչ հրապարակային), կա՛մ հրապարակային հերքեք Ձեր՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը։
Մեր հորդորն անպատասխան թողնելու դեպքում երեւույթը կստանա իրավական գնահատական։
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
04․03․2021թ․