Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարչապետի հետ չունենք համաձայնություն․ երբ պարզ լինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, նորից կլինեն բանակցություններ․ Մարուքյան (տեսանյութ)

Վարչապետի հետ այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում վարչապետի հետ հանդիպումից հետո մանրամասներ ներկայացրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ թեև դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց ունեն հասկացվածություն, որ պետք է միջոցներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․

«Որքանով հասկանում եմ՝ կլինի նաև հանդիպում մեր գործընկեր ԲՀԿ ղեկավարի Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշումով պրոցեսներն առաջ գնալ չեն կարող, և խորհրդարանը չի կարող ցրվել, հետևաբար՝ երբ պարզ լինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, կարծում եմ՝ նորից կլինեն բանակցություններ»,-նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց իրենք կապում են․

«Մենք տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է ԳՇ խնդիրը։ Ես շատ եմ մտահոգված Զինված ուժերի ղեկավարության և կառավարության միջև ստեղծված իրավիճակով, և որևէ ձևով Զինված ուժերը չպետք է քաղաքականացնենք։ Ես ասում էի՝ եկեք զինված ուժերը թողնեք իրենց տեղում, գնանք ընտրությունների, և ընտրություններից հետո մնացածը կորոշվի»։

Մարուքյանը նշեց՝ իրավիճակից դուրս գալու այլ ելք չի տեսնում, քան ընտրությունները․

«Կա կամք շարունակել այս բանակցությունները, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք՝ ինչ կլինի, որովհետև Խորհրդարանը չի կարող ցրվել միայն մեր դիրքորոշմամբ»։