Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հադրութցիները Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների մոտ ակցիա իրականացրին (տեսանյութ)

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը և Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների բնակիչներն այսօր հավաք-երթ էին իրականացնում՝ սկսելով այն Ռուսաստանի դեսպանատան  մոտից։ Նպատակը՝ Արցախի կորցրած տարածքների և այնտեղից տեղահանված ժողովրդի խնդիրներին լուծումն տալն է։

Հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը նշեց, որ ցանկանում են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, քանի որ այդ երկրներն են հիմնականում զբաղվում արցախյան կարգավորման խնդրով։

Նա նշեց, որ մեկ ամսից ավելի է՝ նամակներ են գրում, մեկ անգամ էլ  ակցիա են կազմակերպել, բայց նրանց ոչ ոք չի ընդունել։

«Եթե չստացվի նորից հանդիպել, արդեն պետք է ինչ-որ ճանապարհներով կարողանալ դիմել այդ երկրների ղեկավարներին անմիջապես։ Նրանք մեզ հիմնականում լռությամբ են պատասխանում, բայց հավաքների նպատակներից մեկն էլ այն է, որ թույլ չտանք ժողովուրդը ցաք ու ցրիվ լինի, ինչ-որ կերպ հույս տանք», - ասաց Լևոն Հայրյանը։

Հավաքի մասնակիցները երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, տարբեր գրություններով պաստառներ էին բերել՝ «Արգելե՛ք ահաբեկիչ «Գորշ գայլերին» դպրոց կառուցել Շուշիում», «Հայությունը վտանգի մեջ է, կանգնեցնել ցեղասպան Թուրքիային և Ադրբեջանին», «Չի՛ կարելի գեոպոլիտիկ խաղերի զոհ դարձնել փոքր պետություններին» և այլն։

Երկար ժամանակ հավաքի մասնակիցները պաստառներով կանգնած մնացին ՌԴ դեսպանության առջև, սակայն դեսպանատուն նրանց չհրավիրեցին և ներկայացուցիչ էլ դուրս չեկավ՝ նրանց հետ հանդիպելու։

Երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Այնտեղ հենց մուտքի մոտ դեսպանին հասցեագրված նամակները հանձնեցին աշխատակցին։ Լևոն Հայրյանը մուտքի մոտից կապ հաստատեց դեսպանատան աշխատակիցներից մեկի հետ՝ հարցնելով, թե երբ կարող են հանդիպել դեսպանին։

Պատասխանեցին, որ եթե նամակներն արդեն հանձնել են, սպասելն իմաստ չունի, և նաև դեսպանությունում ընդմիջման ժամ էր։ Բացի այդ, նշեցին, որ հադրութցի այլ խմբեր էլ են եկել, որոնց ընդունել են և ավելի հեշտ կլինի, եթե բոլորը միասին իրենց դիմումները ներկայացնեն։ Խնդրեցին, ամեն դեպքում, սպասել և ասացին, որ մեկ շաբաթվա ընթացքում կընդունեն նաև նրանց։

Ֆրանսիայի դեսպանատան մոտ փոքրիկ ելույթի ընթացքում Լևոն Հայրյանը նշեց, որ Ստեփանակերտում իրենց կազմակերպության մյուս ներկայացուցիչները զուգահեռ ցույց էին իրականացնում նույն պահանջով՝ վերադարձնել կորցրած հայրենիքը։

Հավաքի մասնակիցները մի փոքր էլ մնացին Ֆրանսիայի դեսպանության մոտ և ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն։

Հադրութցիներին ԱՄՆ դեսպանատանը հայտնեցին, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընդունելություն չի իրականացվում:  Դեսպանատնից հադրութցիներին փոխանցեցին տվյալները՝ էլեկտրոնային եղանակով դիմելու համար: