Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

««Իմ քայլը» չի ընտրելու ներկայացված ոչ մի դատավորի թեկնածուի՝ Վարդազարյանի անհարգալից պահվածքի պատճառով» (տեսանյութ)

Ազգային ժողովում երեք օր շարունակ քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ 

Երկու օր քննարկումների ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը փորձում էր ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորի երկու թեկնածուներին և երրորդ թեկնածուի ինքնաբացարկի պատճառները։

Քննարկումների ընթացքում իշխանական պատգամավորների հարցերը, սակայն, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերում էին նոյեմբերի 15-ին Վարդազարյանի հնչեցրած կոչին ուղղված դատավորներին, իմքայլականները պնդում էին՝ Վարդազարյանի կոչը քաղաքական էր։

Այսօր արդեն Վարդազարյանը Ազգային ժողով չէր ներկայացել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ Վճռաբեկ դատարանի դատավորների քվեարկությանը չեն մասնակցի․

«Հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության նկատմամբ մեր գնահատականը , ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ԱԺ-ի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին»։

Մակունցը նաև հայտարարեց․

«Հասել ենք այնտեղ, որ  քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախահ Ռուբեն Վարդազարյանի»։

Մակունցը նաև հիշեցրեց՝ ԲԴԽ գործող նախագահը առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ոչ ԱԺ-ն, ոչ Կառավարությունը նրան չեն առաջադրել կամ ընտրել։

Մակունցը նաև հավելեց՝ իրենք կենտրոնացել էին ԲԴԽ նախագահի հայտարարության վրա, սակայն նրա պարզաբանումները ոչ միայն բավարար չէին, այլ նաև վերահաստատեցին իրենց մտավախություններն առ այն, որ այդ հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր․

«Հարցերին պատասխանելու ժամանակ պարոն Վարդազարյանը  նշեց, որ այն հանպատրաստից չի եղել․ լինելով մի մարմնի անդամ, որն, ըստ Սահմանադրության, պետք է երաշխավորի դատավորների անկախությունը՝ պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության  երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացնում է դատական իշխանությունը»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին Վարդազարյանը դիմել էր դատավորներին՝ հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։

Վարդազարյանն իր գործընկերներին կոչ էր արել  իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել դատական իշխանության հեղինակության մասին մտահոգությամբ,  հավատարիմ մնալ ժողովրդին տված երդմանն ու զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։