Կուզմանոսկին դժգոհ է խաղամակարդակից
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին գտնում է, որ Հայաստանի թիմերը եվրոգավաթներում հաջողության չեն հասնի, եթե չբարձրանա ներքին առաջնության խաղամակարդակը:
«Եվրոպական գավաթների խաղերում միայն ցանկությամբ հնարավոր չէ հաջողություն ակընկալել: «Անորտոսիսի» հետ խաղում իմ ֆուտբոլիստները արեցին ամեն ինչ, որպեսզի լավ արդյունքի հասնեին, սակայն մրցակիցը բարձր խաղամակարդակ ուներ, ավելի փորձառու էր եւ ավելի որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում:
Ցանկալի կլինի, որ մեր ներքին առաջնության բոլոր խաղերը նույնպես անցնեն այնպիսի լարված պայքարում, ինչպես եվրոգավաթների խաղերն են: Միայն այդ դեպքում թիմերը վստահություն ձեռք կբերեն եւ կկարողանան արդյունքի հասնել միջազգային խաղերին», - Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Բանանց» - «Անորտոսիս» խաղից հետո հայտարարեց մակեդոնացի մասնագետը:
Իսկ ահա «Անորտոսիսի» արգենտինացի մարզիչ Գիլերմո Խոյոսի կարծիքով իր թիմը չկարողացավ լրիվ ուժով խաղալ, քանի որ շատ շոգ եղանակ էր: «Խաղից առաջ իմ ֆուտբոլիստներն արդեն քաշ էին գցել եւ ի վիճակի չէին խաղալ ամբողջ ուժով: Այդ իսկ պատճառով խաղի ժամանակ որոշակի խնդիրներ ունեցանք միջին եւ ետին գծում: Կարեւորն այն է, որ մենք հասանք մեր նպատակին եւ մտանք հաջորդ փուլ»: