Բացել լրահոսը Փակել լրահոսը
VuaZWBV3t9POwWG4
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետ քայլ և չդիմի Սահմանադրական դատարան» (տեսանյութ)

«Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր բոլորի պահանջը․  ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետ քայլ և չդիմի Սահմանադրական դատարան», - ընդդիմության Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր, նրա խոսքով, վերահաստատվում է այն վճռական մոտեցումը, որ հայոց բանակը և ժողովուրդը միասնական են։

«Այս միասնականությունը չի կարող և չպետք է զիջի մի անձի, որ փորձում է շարունակական հակասահմանադրական, հակապետական, հակազգային քայլերով թուլացնել և ի վերջո վերջնական կորստի տանել մեր պետականությունը։ Նախագահը պետք է հետևողական լինի, որովհետև հակառակ դեպքում թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը թույլ չեն տալու բոլորի գործունեությունը», - ասաց նա։

Նա նշեց, որ նախագահը չի կարող անգործություն դրսևորել՝ առանց հիմնավորման։ Օրենքը նախատեսում է՝ կա՛մ ստորագրել, կա՛մ դիմել սահմանադրական դատարան․ երրորդ տարբերակ չկա։

Հավաքին ներկա էր նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, որ չէր մասնակցում զուգահեռ ընթացող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։

«Ներկայիս իշխանությունները մեր հարևանությամբ հարցուպատասխան ֆորմատի ներքո իբր ժողովրդին հուզող այսօրեական հարցերն են բարձրաձայնում։ Հարց ենք տալիս՝ որտեղ է մեր ժողովուրդը։ Բաղրամյան հրապարակում։ Իջե՛ք, առերեսվե՛ք իրականության հետ։ Ե՞րբ են լուծվելու գերիների հարցը, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերը, փախստականների հարցերը։ Կորսված հայրենիքի համար պատասխան տվեց», - ասաց նա։

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԱԺ-ում ներկայացնում են տարբեր ոլորտներ և հիմնախնդիրներ, տնտեսական դինամիկայի մասին են խոսում, նախկինում էլ խոսում էին տնտեսական հեղափոխության մասին, սակայն ամենուր թանկացումներ են․

«Այսօր շաքարավազը 40․7%-ով թանկացել է, բուսական յուղը՝ 44․3%-ով, ձուն՝ 26%-ով, կաթնամթերքը՝ 17%-ով, միրգը՝ 12%-ով։ Հացը, ալյուրը, խմիչքը, ծխախոտը, դեղորայքը նույնպես թանկացել են», - նշեց նա։

«Այսօր մտավորականները նույնպես ժողովրդի և բանակի հետ են։ Բայց նրանց ավելին է պետք անել, քան որ մենք արել ենք մինչև այս պահը», - ելույթում նշեց արվեստի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Բաղրամյանում հավաքված յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է սիրո, միասնության և միաբանության քարոզը տանել բոլոր այն մյուս քաղաքացիների հանդեպ, որոնք մոլորված են․

«Մեղավորները պիտի պատժվեն։ Եվ միասնաբար մենք այնպես պիտի ցեմենտենք, բետոնենք, այն արգանդը, որ այլևս նման դավաճաններ չծնի», - ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։