Բացել լրահոսը Փակել լրահոսը
DgTrvqhfyAPHJ2Uk
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

 Ուղղակի շատ վախեցած է Նիկոլը, և մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Ես չեմ լսել որևէ իրավաբանի, որ պնդի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը համապատասխանում է սահմանադրությանը», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նշանակվում է որոշակի ժամանակով և այդ ժամանակի ընթացքում նրան ոչ ոք չի կարող հեռացնել, եթե քրեական հանցագործություն չի կատարել և այլն։ Օրենքում էլ ասվում է, որ այդ ժամկետը 5 տարի է։ Այսինքն այդ երկուսը բերում են նրան, որ հրամանագիրը սահմանադրական չէ։

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, նրա խոսքով, հաստատում է, որ հրամանագիրը սահմանադրական չէ, սակայն դատարան չի դիմում և իրենք ցանկանում էին համոզել, որ նախագահը տրամաբանության շրջանակներում գործի և ուղարկի Սահմանադրական դատարան։

Վազգեն Մանուկյանը նշեց, որ տեսնելով՝ ինչպես է այս 2․5 տարվա ընթացքում կառավարում Նիկոլ Փաշինյանը, համոզված է, որ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ են գործադրվում․

«Այն, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել հրամանագիրը, ցույց է տալիս, որ նա մտահոգված էր և՛ օրենքի կատարումով, և՛ նրանով, թե իր ստորագրած փաստաթուղթը ինչ բորբոքվածություն կարող էր առաջացնել հասարակության մեջ», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ընտրությունները լինեն իր օրոք, ասաց Վազգեն Մանուկյանը․

«Այսինքն, ինչպես հրապարակում 15 հազար մարդ հավաքեց՝ տարբեր շրջաններից բերելով այն մարդկանց, որ աշխատանք ունեն և վախենում են կորցնել, որովհետև ընտանիք են պահում, այդ նույն ձևով և այնպես, ինչպես անցկացրեց պատերազմը, ուզում է անցկացնել ընտրությունները և վերջում ասել՝ ժողովուրդն ինձ ընտրեց», - ասաց նա։

Դա է պատճառը, նրա խոսքով, որ կողմ լինելով արտահերթ ընտրություններին՝ նրանք առաջարկում են իրենց սցենարը՝ հրաժարական, ժամանակավոր Կառավարություն, որոշակի ժամկետ՝ մոտ մեկ տարի, որից հետո ընտրություններ։

Նա անդրադարձավ նաեւ ոստիկանական կուտակումներին։

 «Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ոստիկանությունը կօգտագործի այստեղ բերված միջոցները։ Ուղղակի շատ վախեցած է Նիկոլը, և մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի։ Մի քիչ մանկական խաղ է», - ասաց Վազգեն Մանուկյանը։