Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմքայլականների պահվածքը գնահատում եմ առնվազն ագրեսիվ. ԲԴԽ նախագահ (տեսանյութ)

Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իմքայլական պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ, Վարդազարյանն արձագանքեց․

«Առնվազն ագրեսիվ։ Պատճառը չգիտեմ»։

ԲԴԽ նախագահն ասաց, թե կվերլուծի երեկ և այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը, դրանից հետո միայն կպատասխանի հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն իր դեմ ինչ-որ բան ունեն։

Վարդազարյանը Արմեն Սարգսյանի որոշման, ռազմական հեղաշրջման փորձերի վերաբերյալ հայտարարությունների, Մարտի 1-ի դատավարության վերաբերյալ հարցերին չպատասխանեց, ասաց քաղաքական բնույթ ունեցող հարցերի չի պատասխանելու, միայն հավելեց՝ ցանկացած հարց կարելի է լուծել կլոր սեղանի շուրջ նստելու և քննարկելու միջոցով։

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցին, Վարդազարյանն ասաց՝ այս պահին նման հարց ԲԴԽ օրակարգում չկա, Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է կատարել ԲԴԽ անդամի իր լիազրությունները․

«Կա ընդամենը մեկ հայց, ըստ որի՝ դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ԲԴԽ նախագահի և դատարանից, որպեսզի դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները, սպասում ենք դատական ակտին»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և ԲԴԽ նախագահը պատասխանում է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում են Վարդազարյանի՝ դատավորներին ուղղված նոյեմբերի 15-ի իր ուղերձին։