Բացել լրահոսը Փակել լրահոսը
121642059_818166695623582_5656062895144317766_n
A A
Հասարակություն

Պատերազմից առաջ զոհված զինծառայողի հղի կինը երազ էր տեսել

Քարվաճառում զոհված, խաղաղապահ զորքերի զինծառայող  29-ամյա  Գառնիկ Լեռնիկի Մալխասյանը չհասցրեց գրկել երկրորդ որդուն։    Լեռնիկը ծնվել է  փետրվարի 18-ին՝  հոր մահից մոտ հինգ ամիս անց։

Գառնիկի կինը՝ Ելենան,  պատմում է, որ ամուսինը  շատ էր ուրախացել, որ տղա են ունենալու․ «Մեր նպատակներն հիմնականում կապված են եղել մեր ավագ որդու՝ Արամի  և դեռ չծնված Լեռնիկի հետ։ Հիմա մենակով պետք է երկուսիս նպատակներն իրագործեմ»,-ասում է 25-ամյա Ելենան։

Վերջին անգամ նրանք  խոսել են սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։41-ին։ Հաջորդ օրը Գառնիկը զոհվել է։

 Հոգատար ամուսին, հոգատար հայր ու որդի, բոլորի հանդեպ անչափ ուշադիր,-այսպես է նկարագրում կինը հերոս ամուսնուն Վեդիի իրենց տանը։

«Երեխայի ծնունդը շատ բան է փոխել իմ կյանքում, բայց վստահ եմ՝ որ ինքը լիներ կողքիս, տանը, ամեն բան ուրիշ կլիներ։ Անգամ բարուրը բացելիս իրեն եմ հիշում, պատկերացնում, ոնց էր ինքը անում Արամիկի ծնվելիս, ու հիմա․․․»,-անկեղծանում է նա։

3-ամյա Արամը,որը դեռ թոթավախոս է,  չի հասկանում, որ հայրը տուն չի վերադառնալու․ իր լեզվով հայրիկի լուսանկարների հետ է խոսում, արձագանք չստանալով՝  երբեմն զայրանում։

Գառնիկն ընդամենը մեկ ու կես տարի էր, ինչ անցել էր ծառայության խաղաղապահ զորքերում, և սեպտեմբերի 28-ին պետք է մեկ ամսով արձակուրդ գար, սակայն պատերազմն այլ ընթացք տվեց նրա կյանքին․

«Ջերմում էր, առավոտը զանգեցին, ասեցին տագնապ է, ամեն անգամ իրա պարագաները տենց դեպքերում տանում էր, էս անգամ չտարավ, մտածելով, որ ինքը արձակուրդ ա, գնաց, ասեց 3 ժամից կգամ, բայց 3 օր հետո բերեցին․․․ Զանգելուց կրակոցներ էին լսվում, ինքը ասում էր՝ նորմալ է, երևի ինքն էլ չէր պատկերացնում, որ տենց բան կլինի։ Միշտ հարցնում էր՝ երեխեքը ոնց են, բայց ոչ մի անգամ չի ասել հետագայում ինչ անեմ»,- պատմում է կինը։

Նրա խոսքով՝ ամուսինը շատ էր սիրում հայրենիքը, զինվորական կյանքն ու հետաքրքիր էր, որ վերջին օրերին պատերազմի վերաբերյալ ֆիլմեր էր նայում։

Ելենան պատմում է, որ իր ամենամեծ կարոտը Գառնիկի կատակներն են, վերաբերմունքը, իր հանդեպ, անգամ  չար կատակները ու երանի է տալիս, որ սա էլ դրանցից մեկը լինի։

«Կարող է ես ինչ-որ օրեր մոռանայի, մեր հետ կապված, ինքը տոն էր դարձնում ամեն օրը։Մի անգամ ինքը պոստերում էր, ինձ նեղացրել էր, հետո անակնկալով եկավ ու օրը տոն դարձրեց, չեմ կարողանում մոռանալ»,-ասում է նա։

Ելենան ասում է, որ պատերազմից առաջ մի երազ է տեսել, որին ուշադրություն չի դարձրել,չի պատկերացրել, թե ի՞նչ կարող է դա նշանակել․

«Մի օր տեսա, որ խանութ էինք գնացել, ինձ կանաչ շոր տվեց, ասաց փորձի։ Շատ սիրուն շոր էր, հագա, թեքվեցի հայելու առաջ, շորը դարձավ սև ու շատ վախենալու։ Դուրս եկա որ իրան ասեի, ինքն արդեն խանութում չէր, ման եկա՝ չգտա»։