Բնապահպանական հեծանվաարշավ
Աջակցիր «Ա1+»-ին
Հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան մոտից կմեկնարկի ավանդական դարձած միջազգային հերթական հեծանվաարշավը:
Այն 12 տարի առաջ նախաձեռնել են ֆրանսիացիներ Դոմինիկ դը Մորին, Ֆրանսիս Ռեմբոտը եւ Հայաստանի հեծանվային սպորտի մասնագետներ Աշոտ Կորկոտյանն ու այժմ արդեն հանգուցյալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հեծանվաարշավին մասնակցում են Հայաստանի եւ Ֆրանսիայի մանկատների երեխաները: Միջոցառումը ճանաչողական եւ բնապահպանական նշանակություն ունի: Պատանի հեծանվորդները երկու տարին մեկ անգամ, տարբեր երթուղիներով, լինում են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Նրանք միաժամանակ հոգ են տանում շրջակա միջավայրի մասին, կատարում են կանաչ տարածքների մաքրման աշխատանքներ:
Այս անգամ Հայաստանից հեծանվաարշավին կմասնակցեն Վանաձորի երկու մանկատների երեխաները: Հեծանվաարշավը կանցնի Երևան - Արարատ - Եղեգնաձոր - Վարդենիս - Շորժա - Դիլիջան - Վանաձոր - Ապարան - Հանքավան - Ծաղկաձոր - Բջնի - Երևան մոտ 700 կմ երկարություն ունեցող երթուղով եւ կավարտվի հուլիսի 22-ին: