Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

ՅՈՒՆԻՍԵՖ-ը AstraZeneca-ի հետ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մատակարարման համաձայնագիր է կնքել

 ՅՈՒՆԻՍԵՖ-ը և AstraZeneca-ն երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ COVAX միջազգային նախաձեռնության անունից ՔՈՎԻԴ-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

Մատակարարման պայմանագրի համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին և գործընկերներին, ինչպիսիք են Առողջապահության Համաամերիկյան կազմակերպությունը (PAHO), հասանելի կլինի 85 երկրի համար նախատեսված պատվաստանյութի՝ մինչև 170 միլիոն դեղաչափ: Pfizer-ի և Հնդկաստանի «Serum Institute»-ի հետ արդեն կնքված համաձայնագրերից հետո, սա ՔՈՎԻԴ-19-դեմ պատվաստանյութերի վերաբերյալ երրորդ համաձայնագիրն է։

Փետրվարի 15-ին AstraZeneca / oքսֆորդյան պատվաստանյութը ընդգրկվել է ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցանկում (WHO Emergency Use Listing)։

Պատվաստանյութերի մատակարարումը նախատեսվում է սկսել 2021-ի առաջին եռամսյակում՝ COVAX-ի տեղաբաշխման շրջանակի համաձայն, որը հաշվի է առնում մի շարք գործոններ` ներառյալ երկրի պատրաստվածությունը, ազգային կարգավորող մեխանիզմները և պայմանագրային դրույթների ապահովումը, ինչպես նաև գործառնական և մատակարարման նկատառումները:

COVAX միջազգային նախաձեռնության նպատակն է՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ և արդյունավետ հասանելի դարձնել բոլոր երկրների համար՝ անկախ դրանց տնտեսական վիճակից:

COVAX կառույցը, որը համաղեկավարում են «Gavi» պատվաստանյութերի դաշինքը, CEPI-ն և ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, նպատակ ունի մինչև 2021 թվականի ավարտն ապահովել ՔՈՎԻԴ-19 հաստատված պատվաստանյութերի առնվազն 2 միլիարդ չափաբաժին: Մասնակից երկրներին դա հնարավորություն կտա պաշտպանել առաջնագծում աշխատողներին՝ առողջապահական ոլորտի և սոցիալական աշխատողներին, ինչպես նաև բարձր ռիսկային գոտում և խոցելի խմբերում գտնվող մարդկանց: