Բացել լրահոսը Փակել լրահոսը
155922464_4161454710555639_6302991541429096060_n
A A
Պաշտոնական

Արցախում մեկ շաբաթում գրանցվել է հրդեհի 5 դեպք

Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթ

2021 թվականի փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 761 զանգ։ Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 77-ով։

Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որոնք բռնկվել են քաղաքացիների անզգուշության պատճառով։ Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին։ Հրդեհի հետևանքով մարդկային ու նյութական կորուստներ չկան։

Շաբաթվա սկզբին ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 2 դեպք է արձանագրվել։
ՃՏՊ հետևանքով տուժել է 2 քաղաքացի։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը վերջիններիս ցուցաբերել է առաջին օգնություն և մեքենան տեղափոխել։

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները շարունակում են պատերազմի հետքերը թոթափել հավանական վտանգներից։

Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով անցած շաբաթ գրանցվել է 43 կանչ։ Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվել կամ պահեստավորվել է։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

Սոցիալ-կենցաղային պատահարների մասին 36 կանչ է գրանցվել։ Արցախի փրկարարները շարունակում են խորհրդատվություն և օգնություն ցոուցաբերել բնակիչներին՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հիվանդի տեխափոխման, վերելակի կամ դռան բացման, ինչպես նաև տեխնիկական այլ աշխատանքների մասով։

Նախորդ շաբաթ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկու գործընկեր կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։